Логотип

ՀՀ-ն զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ ՌԴ-ի հետ. խոստանում է ՔՊ-ն

Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ կառուցողական հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագծի` 2026–2031 թվականների առանցքային անելիքները հատվածում։

«ՔՊ–ն տարածաշրջանացման գործնականացման համար կարևորում է նաև 3+3 ձևաչափի հետագա զարգացումը, որում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությունն այն կարևոր է դարձնում նաև ՀՀ–ՌԴ հարաբերությունների կառուցողական տրանսֆորմացիայի համար»,– նշված է ՔՊ–ի ծրագրում։

Ըստ իշխող կուսակցության` քանի դեռ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ։

Ընդգծվում է, որ Հայաստանում լավ հասկանում են , որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ։

«ՀՀ–ն շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ–ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո, ՀՀ–ն կդիմի ԵՄ–ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ, վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ՀՀ–ն դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր»,–նշված է նախընտրական ծրագրում։

ՔՊ նախընտրական ծրագրում ընդգծվում է նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերը, որոնցից մեկն էլ սահմանազատման գործընթացի շարունակությունն է լինելու։ Կարևորվում է TRIPP նախագծի իրագործումը, որը կհանգեցնի տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումը, վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։

Նշվում է, որ խաղաղության հասնելու համար շատ կարևոր են լինելու քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի ներկայացուցիչների շփումները, երկկողմ առևտուրը, քաղաքական, մշակութային, հումանիտար երկխոսությունը։

Ըստ ՔՊ–ի նախընտրական ծրագրի` տարածաշրջանացման համատեքստում հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունենալու են կարևոր նշանակություն։

«Այս համատեքստում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, այդ թվում և՛ TRIPP նախագծի կյանքի կոչումը, և՛ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը, ոչ միայն է՛լ ավելի կամրապնդեն տարածաշրջանում խաղաղությունը և համագործակցությունը, այլև այն կվերածեն արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ փոխկապակցվածության կարևոր հանգույցի՝ Խաղաղության խաչմերուկի»,– նշված է ծրագրում:

Sputnik Արմենիա