Логотип

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 3 ծովում

Թուրքիան լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացնում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

«Զորավարժություններին մասնակցում են ռազմածովային, ցամաքային, ռազմաօդային ուժերը և ափամերձ պահպանության ուժերը», – նշել է նախարարությունը։

Զորավարժություններին մասնակցում է 120 նավ և 50 ինքնաթիռ:

Վարժանքները նախատեսված են զինված ուժերի տարբեր ճյուղերի համակարգման և մարտական պատրաստվածության բարձրացման համար։ Վարժանքները կտևեն մինչև ապրիլի 9-ը։

Ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցին։

Էրդողանը Պուտինին ասել է, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները վնաս են հասցնում տարածաշրջանային կայունությանը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևոր է չխոչընդոտել Թուրքիայի ջանքերը, և որ Անկարան խորհուրդ է տալիս բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են լարվածության սրման հանգեցնել», – ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։

Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտությունը չպետք է հանգեցնի ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանակում նոր լարվածության օջախների առաջացման։

Հիշեցնենք` Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ծրագրերի համաձայն` երկրում ստեղծվում է տարածաշրջանային կորպուսի հրամանատարություն` անհրաժեշտության դեպքում տեղակայվող զորքերի համակարգման և վերահսկման համար։ Իշխանությունները նպատակահարմար են գտել այս շտաբը վերափոխել բազմազգ կառույցի։

Ծովային գործողությունների գոտիներում ծրագրերն իրականացնելու համար 2024 թվականին պլանավորվել է ստեղծել հինգ միավորված օպերատիվ խումբ ՝ Ատլանտյան, Հյուսիսային, Բալթյան, Միջերկրական և Սևծովյան։

Սև ծովում օպերատիվ խմբի շտաբի հրամանատարությունն ու տեղակայումը Թուրքիան կիրականացնի մինչև 2028 թվականը: Երկիրը, որը շտաբը կղեկավարի 2028 թվականից հետո, կընտրվի հիմնվելով Սևծովյան դաշնակիցների՝ Ռումինիայի և Բուլղարիայի առաջարկների հիման վրա։

Նախարարությունը նաև նշել էր, որ հրամանատարական կառույցները ստեղծվում են անվտանգության ոլորտում Թուրքիայի պահանջներին և Սև ծովի նկատմամբ նրա քաղաքական դիրքորոշմանը համապատասխան:

Sputnik Արմենիա