Логотип

Շուրջ 7000 ընտանիքի դիմում մերժվել է․ ինչպե՞ս է ընթանում արցախցիների բնակապահովման ծրագիրը

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ծրագրից օգտվելու համար դիմել է 12 հազար 184 ընտանիք։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ ներկայացնելով մարտի վերջի դրությամբ ունեցած տվյալները։

6967 ընտանիքի դիմում մերժվել է տարբեր պատճառներով։

«Մերժման հիմնական պատճառներից են՝ ընտանիքի որևէ անդամ չունի ՀՀ քաղաքացիություն, ընտանիքի որևէ անդամ հաշվառված չէ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում որպես տեղահանված, ընտանիքի որևէ անդամ հանդիսանում է Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու, ընտանիքի որևէ անդամ ունի անշարժ գույք ՀՀ-ում»,- հայտնում են նախարարությունից։

5217 ընտանիք ստացել է հավաստագիր, որը հնարավորություն է տալիս ՀՀ ցանկացած բնակավայրում (բացի Երևանի 1-ին կամ 2-րդ վարչական գոտու) ձեռք բերել անշարժ գույք։ 2336 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը, որից

– Անշարժ գույքի ձեռքբերման բաղադրիչի շրջանակում՝ 2123 ընտանիք,

– Կառուցապատման բաղադրիչի շրջանակում՝ 24 ընտանիք,

– Գործող հիփոթեքի բաղադրիչի շրջանակում՝ 189 ընտանիք։

Ամենամեծ թվով բնակարաններ ձեռք են բերվել Կոտայքի մարզում, երկրորդ տեղում Արմավիրն է, ապա Երևանը, Լոռին և Արարատը։ Ամենաքիչը ծրագրի շրջանակում բնակարաններ են ձեռք բերվել Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում։

Անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչի շրջանակում մարզային բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը․

– Արագածոտն – 59

– Արարատ – 213

– Արմավիր – 383

– Գեղարքունիք – 91

– Երևան – 289

– Լոռի – 234

– Կոտայք – 546

– Շիրակ – 95

– Սյունիք – 140

– Վայոց Ձոր – 39

– Տավուշ – 58

Հիշեցնենք՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, վերջին փոփոխություններով երևանամերձ բնակավայրերում՝ 4 միլիոն դրամ (նախկինում եղած 3 միլիոն դրամի փոխարեն)։ 3 միլիոն դրամ աջակցությունը կպահպանվի միայն Երևանի համար (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու, որոնք ներառված չեն ծրագրում)։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։