Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում հովանավոր տերության մեխանիզմի գործարկման խնդրանքով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` Ժնևյան կոնվենցիաները հստակ երաշխիքներ են նախատեսում հակամարտության արդյունքում մյուս կողմի հսկողության տակ գտնվող անձանց` այդ թվում ռազմագերիների, քաղաքացիական գերիները համար։ Երաշխիքներից զատ պետք է պաշտպանություն իրականացվի, և այդ մանդատը սովորաբար իրականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Սակայն Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցումից հետո գերիները զրկված են դատավարական երաշխիքներից, բժշկական պատշաճ օգնությունից, ընտանիքի անդամների հետ տեսակցություններից (տեսազանգ) և հայտնվել են բացարձակ մեկուսի պայմաններում։ Այդ է պատճառը, որ գերիների հարազատները նամակով դիմել են նաև Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտին և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի Շվեցարիան, որպես չեզոք պետություն, զբաղվի հայ գերիների պաշտպանությամբ։
«Մարդասիրական իրավունքը նախատեսում է, որ գերիների պաշտպանիչ ֆունկցիան իրականացնելու անհնարինության պարագայում կարող է ընտրվել չեզոք պետություն։ Հայաստանի Հանրապետությունը կարող է գործարկել մեխանիզմը, ուստի առաջին քայլը պետք է կատարի հենց ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և Կարմիր խաչը։ Կարմիր խաչի իրականացման անհնարինությունն է, որ առաջ է բերում այլ պետության ընտրության հրամայականը»,–ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` դեռ կարճ ժամանակ է անցել ԱԳՆ–ից որևէ պատասխան ունենալու համար, սակայն որոշակի դրական ակնկալիքներ ունեն, հակառակ դեպքում չէին դիմի։
Հարցին, իսկ ինչու է ընտրվել հենց Շվեյցարիան, Սահակյանն ընդգծեց, որ երկրի ընտրությունը դեռ վերջնական չէ։
«Մենք հաշվի ենք առնում Շվեյցարիայի պատմականորեն ամրագրված չեզոքությունը։ Բայց նշեմ, որ սա վերջնական ընտրանք չէ, և Հայաստանի իշխանություններն ունեն հայեցողություն ընտրելու այլ չեզոք պետության, դրանք կարող են լինել սկանդինավյան երկրները կամ եվրոպական երկիր։ Որպեսզի գերիների հարազատների խնդրանքը վերացական չլիներ, որոշվել է այս պահի դրությամբ ընտրել Շվեյցարիայի թեկնածությունը, սակայն պետք չէ կաշկանդվել այլ պետությունների թեկնածությունն առաջադրելիս»,–ասաց նա։
Սահակյանը շեշտեց, որ վերջին տարիներին հովանավոր տերության մեխանիզմը ինտենսիվ չի գործարկվել մի պարզ պատճառով, քանի որ աշխարհի բոլոր երկրներն ընդունում և հարգում են Կարմիր խաչի չեզոք մարդասիրական մանդատը և անգամ դիվանագիտական, քաղաքական և այլ հարաբերությունների սրման պայմաններում չեն ձեռնարկում այնպիսի պատժիչ գործողություններ, ինչպիսին կարող է լինել մարդասիրական կառույցների գործունեության դադարեցումը։
Իրավապաշտպանի խոսքով` այս պահին դեռևս շատ կարևոր ևս մեկ պահանջ կա, որը բավարարված չէ` դա գերիներին հյուպատոսական այցելությունների ապահովումն է։ Սակայն գերիների հարազատները չեն ցանկանում տեսնել չարամտություն կամ հատուկ ուղղորդված պետական գործելակերպ` չպաշտպանել սեփական քաղաքացիներին։
Անդրադառնալով Բաքվում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցների հետ կապին` Սահակյանը նշեց, որ արտաքին աշխարհի հետ կապը միայն հեռախոսազանգերն են, որոնք տեղեկատվական չեն և չեն կարող ապահովել ստուգված տեղեկություն նրանց պահման պայմանների կամ ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ։ Եվ կան հստակ մտահոգություններ կապված նրանց դատավճիռների չտրամադրման, գերիների հայրենադարձման ժամկետների և պատշաճ բուժօգնություն ստանալու հետ։ Ընդգծեց` հասկանալի է, որ հայ գերիներն ունեն տարաբնույթ առողջական խնդիրներ, և այդ հարցերը լուծելու պետության արձագանքը չի համապատասխանում միջազգային նորմերով սահմանված կանոններին։
Հիշեցնենք` Բաքվում ընթացող Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
