Շաբաթ օրը ԱՄՆ-ն ու Իսրայելը ավիահարվածներ են հասցնել Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի նավթաքիմիական օբյեկտներին՝ թիրախավորելով Մահշահրի նավթաքիմիական հատուկ գոտին և արդյունաբերական այլ կառույցներ, հայտնում է Tasnim-ը:
Խուզեստանի փոխնահանգապետ Վալիոլլա Հայաթին հաստատել է, որ ամերիկյան և իսրայելական ուժերը հարձակում են իրականացրել Մահշահրի նավթաքիմիական հատուկ գոտու ուղղությամբ։
Վալիոլլա Հայաթիի փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 10:45-ին նահանգի կենտրոն Ահվազի արևելյան և արևմտյան հատվածներում երեք պայթյուն է որոտացել, թեև այդ պահին զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Կարճ ժամանակ անց՝ 10:47-ին, ևս երեք հզոր պայթյուն է որոտացել Մահշահրի նավթաքիմիական շրջանում. վնասների չափը նախնական տվյալներով դեռևս անհայտ էր:
Պաշտոնյան հավելել է, որ հարձակման հետևանքով անմիջականորեն տուժել են «Ֆաջր 1», «Ֆաջր 2», «Ռեջալ» և «Ամիր Քաբիր» նավթաքիմիական գործարանները։ Նա նաև զգուշացրել է, որ մարդկային զոհերի և վիրավորների հավանականությունը խիստ բարձր է։ Բացի այդ, ըստ հաղորդումների, առավոտյան ժամը 11:00-ին հրետակոծվել է Խորամշահրի «Շալամչե» սահմանային առևտրային տերմինալը, ինչի հետևանքով զգալի վնաս է հասցվել կառույցին։
Ավելի ուշ ամերիկա-իսրայելական կործանիչները հարվածել են «Աբու Ալի» նավթաքիմիական համալիրին, ինչին հետևել են «Բանդար-է Իմամ Խոմեյնի» օբյեկտին հասցված հարվածները։
Այս պահի դրությամբ հաղորդվում է Մահշահրում և «Բանդար-է Իմամ Խոմեյնիում» տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժած հինգ անձի մասին:
Նավթաքիմիական հատուկ տնտեսական գոտու ղեկավարությունը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի որոշմամբ՝ տվյալ տարածքի գործող արդյունաբերական ձեռնարկությունների ողջ անձնակազմը տարհանվել է:
Իշխանությունները հավաստիացրել են, որ մթնոլորտ արտանետված հնարավոր վնասակար նյութերն այս պահին վտանգ չեն ներկայացնում հարակից քաղաքների բնակչության համար:
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները հայտնել են Բուշերի ատոմակայանի տարածքին հասցված հարվածի մասին: ԱԷԿ-ի մեկ աշխատակից զոհվել է, սակայն բուն օբյեկտը որևէ վնաս չի կրել:
News.am
