Логотип

Տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր. Սերժ Սարգսյանը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Արցախցիների բռնի տեղահանումից հետո Հայաստանում պետական մակարդակով ցուցաբերվեց անբարյացակամ ու անհոգի վերաբերմունք։ Այս մասին այսօր ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները հանցավոր անգործություն են ցուցաբերում Բաքվում պահվող հայերի նկատմամբ։

«Իշխանությունների կողմից առկա է հանցավոր անգործություն և հաճախ դատարկ խոստումներ՝ անհետ կորածների որոնման և մինչ օրս Բաքվի բանտերում զրկանքների ու գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, ամեն ժամ՝ մտքով ու սրտով, և հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։ Ձեր արժանապատիվ կեցվածքն այդ անմարդկային պայմաններում ավելի խոսուն է և հարգանքի արժանի, քան ազատության մեջ շատերի պահվածքը»,- ասաց Սարգսյանը` դիմելով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Սերժ Սարգսյանը, դիմելով կուսակիցներին, նշեց, որ Հայաստանը չի կարող ընդունել, թե ամեն ինչ ավարտված է և Արցախի էջը փակված է, ինչպես փորձում է պարտադրել գործող իշխանությունը։

«Միջազգային երաշխիքների ներքո արցախահայերի՝ իրենց բնակավայրեր արժանապատիվ վերադարձի իրավունքն անքակտելի է, և որևէ մեկը չի կարող արցախցիներին զրկել այդ իրավունքից»,- շարունակեց Սերժ Սարգսյանը։

Sputnik Արմենիա