Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը երեկվա համեմատ ավելի վատ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Մենք ինչպես երեկ, այնպես էլ այսօր պարբերաբար այցելում ենք Դավիթին: Երեկվա հետ համեմատ այսօր նրա ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավերն էին շատ, գլխապտույտ ուներ, ինչպես նաև բարձր ճնշում: Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է»,–ասաց Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ դեռ նորություն չունեն Վերաքննիչ դատարան բողոքի հետ կապված։
«Բացի Վերաքննիչ դատարանից դիմել ենք նաև գլխավոր դատախազին։ Այս պահին դեռ նորություն չունենք։ Գլխավոր դատախազին են դիմել նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, Դավիթի դասընկերներն են դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Մենք ևս դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին։ Հույս ունենք` վաղը որևէ նորություն կունենանք»,–ասաց նա։
Ավելի վաղ Դավիթի պաշտպանները գլխավոր դատախազություն ներկայացրած միջնորդությամբ պահանջել էին, որ տղայի խափանման միջոց կալանքը փոխվի։
Բացի այդ, Դավիթը փաստաբաններին ասել էր, որ ուզում է հաղորդություն ստանալ։Փաստաբանները սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։
