Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը մեղադրում է իշխանական տարբեր շրջանակների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բանակում պատշաճ պայմաններ չստեղծելու համար։ Այսօր ԱԺ-ում՝ իր ներկայացրած «բանակից փողով ազատվելու» նախագիծը հանձնաժողովում չընդունվելուց հետո Սարգսյանը բավականին սուր ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։
«Երկու տարի խնդրում եմ պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա։ Ինչի՞ց է խնդիրը ծագել՝ 2024թ․ մեր փակ հանդիպման ժամանակ պատգամավորներից մեկը նախարարին հարց տվեց, որովհետև բանակում թոքաբորբով մահ էինք ունեցել, երևի սառը ջրով լողացել էր, նախարարն ասեց՝ մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ են լողանում, բազմաթիվ բանակներում տենց է։ Ուսումնասիրել եմ տասնյակ բանակների փորձը, բազմաթիվ երկրներում զինվորներն ամեն օր լողանում են, Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում և տենց թերի զարգացած երկրներում են շաբաթը մեկ լողանում»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ թեպետ որոշ տեղերում բարելավումներ եղել են, բայց հիմնականում շաբաթը մեկ լողանալը պահպանվել է։ Նա առաջարկեց բանակի ղեկավարին կազմին ևս շաբաթը մեկ անգամ լողանալ՝ հավասար պայմաններում լինելու համար։ Նշեց՝ առաջին անգամ է սա հրապարակային ասում, քանի որ այլևս չգիտի, թե ինչ անել։
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի իր հերթին ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հայտարարել է, որ զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չի զբաղվում։
«ՊՆ-ում համակարգման ոլորտներ կան, և տեղյակ չեմ, թե որ զինվորը երբ է լողանում։ Տեղյակ չեմ, թե ինչի մասին եք ասում, բայց կարծում եմ՝ չլողացած զինվոր մենք չունենք»։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե որքանով է ճիշտ բանակի թվի, ներքին կյանքի մասին տեղեկություններ հրապարակել, երբ դրանք նաև թշնամու համար են հասանելի դառնում, Հայկ Սարգսյանը նշեց՝ այդ ամենը վաղուց արդեն գաղտնիք չէ։
«2019թ․ երբ ասում էի՝ զորքի թիվը 44-ից դարձել է 25, գլխավոր շտաբով, բանով, պաշտպանության նախարարությունով ասում էին՝ «վայ, հեսա թշնամին կիմանա, մեր թիվը պակասել է», ես ասում էի՝ խնդիր ունենք, պետք է բարձրաձայնել, որ լուծենք։ Մի քանի ամիս հետո տեղի ունեցավ 2020թ․ աղետալի պատերազմը, ու դրանից հետո պաշտպանության նախկին նախարարն ասեց, որ թշնամին 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժին, ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլև անվանական իմացել է՝ հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերն ու թիրախային խոցում է արել», – ասաց Սարգսյանը։
Հայտարարեց՝ թե՛ մեր զորքի տեղակայման վայրերը, թե՛ սնուցման ճանապարհները, թե՛ դիրքերը և այլն, բոլորը դիտարկվել են, դիտարկվում են և դիտարկվելու են։ Հավելեց՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում քննարկվել է այն հարցը, որ թշնամին ամեն ինչ իմացել է։
Sputnik Արմենիա
