Логотип

Ակցիա անողների թվում ԴՆԹ-ով հաստատված զոհերի ծնողներ կան. Քոչարյանը` նրանց պահանջի մասին

Անհետ կորած զինծառայողների` տարբեր ակցիաներ իրականացնող հարազատներից ոմանց երեխաները մահացածների թվում են՝ հաստատված ԴՆԹ թեստով։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։

«Կան ծնողներ, որոնց երեխաների ԴՆԹ թեստը հաստատված է, բայց այդ երեխաները մինչև հիմա դիահերձարանից վերցված չեն։ Քննչական կոմիտեն բավականին հաջող քննություն էր իրականացրել, ինչը հիմք էր որոնողական աշխատանքների համար. մասնավորապես տուժողների իրավահաջորդներին ցույց է տրվել մահվան կամ անհետ կորելու վայրը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ծնողների պահանջին՝ հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, նա կրկին հիշեցրեց դրա գաղտնի լինելու մասին։

«Զեկույցը գաղտնի բաժնում է։ Դրա հետ կապված վերջին փաստաթղթերն իջեցրել են երեկ։ Մոտ երեք ամիս է՝ տեղափոխում ենք առաջին բաժին. սա ցույց է տալիս զեկույցի ծավալը։ Այն նախապես մոտ 200 էջ էր, բայց հիմա բովանդակությամբ, տեսաձայնագրություններով, ձայնագրություններով և տարբեր մարմիններից ստացված փաստաթղթերով ավելի քան 500 էջ է»,- ավելացրեց Քոչարյանը։

Իշխանական պատգամավորը դժգոհեց նաև, որ անհետ կորածների ծնողները չեն մասնակցել հանձնաժողովի նիստերին, թեպետ նրանք էլ իրենց հերթին հավաքագրված արխիվ ունեին։

Sputnik Արմենիա