Логотип

Տեր-Պետրոսյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած «Հայ ազզգային կոնգրես» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին։ Քաղաքական ուժն այդ մասին հայտարարություն է տարածել։

Մարտի 15–ին կայացած համագումարի ժամանակ ՀԱԿ–ը հայտարարեց, որ իրենց նախանշած սկզբունքների և նպատակների իրագործման համար անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ժողովրդավարական, ռացիոնալ, իրատեսական քաղաքական ուժերի միավորումը, այդ իսկ պատճառով պատրաստ են սկսել նման կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ։

«ՀԱԿ–ը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ: Հետևաբար ՀԱԿ–ը կմասնակցի ընտրություններին առանձին»,– ասված է հայտարարությունում:

Կուսակցությունը միևնույն ժամանակ ընդգծել է, որ պատրաստ է համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ ընտրություններից հետո խորհրդարանում կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում։

Sputnik Արմենիա