Логотип

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

Կարմիր խաչը հայտարարել է, որ մտադիր է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ՝ չնայած 2025 թվականի սեպտեմբերին իր ներկայացուցչության փակմանը։ ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ընդգծել է, որ կազմակերպությունը շարունակում է կենտրոնանալ կալանավորված անձանց պահման պայմանների և նրանց նկատմամբ վերաբերմունքի հարցերի վրա։

Նրա խոսքով՝ դեկտեմբերին ԿԽՄԿ-ի Ժնևի կենտրոնակայանի ներկայացուցիչներն այցելել են հակամարտության հետ կապված կալանավորված անձանց, որոնց մասին տեղեկություն էին տրամադրել ադրբեջանական իշխանությունները։ Խմբի կազմում եղել է նաև բժիշկ, որը գնահատել է կալանավորների առողջական վիճակը և համակարգել բժշկական հարցերը։ Պատվիրակներն անձամբ հանդիպել են կալանավորվածներին, հնարավորություն տվել նրանց կապ հաստատել ընտանիքների հետ և արձանագրել պահման պայմանները։ Բոլոր առաջարկությունները փոխանցվում են միայն համապատասխան մարմիններին և հրապարակման ենթակա չեն։

Ամատունին հիշեցրել է, որ Կարմիր խաչը չեզոք հումանիտար կազմակերպություն է, որը չի մասնակցում դատական գործընթացներին և չի տրամադրում իրավաբանական աջակցություն։ Կազմակերպության նպատակը բացառապես հումանիտար է՝ հետևել պահման պայմաններին և ապահովել Ժնևյան կոնվենցիաների պահպանումը։

ԿԽՄԿ-ն կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանություն վայելող անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Alpha News