Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի անօրինական, չհրահրված ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել և խորանալ։ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կողմերը կոչ արել հրաժարվել սպառնալիքների և վերջնագրերի լեզվից։
Նշվում է, որ հարվածները թիրախավորում եմ քաղաքացիական ենթակառուցվածքները, ՄԱԳԱՏԷ–ի պաշտպանության տակ գտնվող միջուկային օբյեկտները։ «Հատկապես մտահոգիչ են Բուշերի ատոմակայանի վրա կատարվող անխոհեմ հարձակումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Չեռնոբիլից ավելի ավերիչ ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի և Եվրասիայի հարակից մասերի վրա»,–ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ այս հակամարտությունն արդեն խլել է հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր և հանգեցրել քաղաքացիական բնակչության տառապանքների։ Դպրոցներ, հիվանդանոցներ և համաշխարհային ժառանգության վայրեր են ավերվել։ Դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունները կրակի տակ են։
«Վաշինգտոնի և Թել Ավիվի անօրինական և անպատասխանատու գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակն արագորեն վատթարանում է և սպառնում է լիովին դուրս գալ վերահսկողությունից։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,–ընդգծել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Ընդգծել են, որ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավորություններ դեռ կան. կողմերը պետք է հրաժարվեն սպառնալիքների և վերջնագրերի լեզվից։
«Կարևոր է կանխել այդ հնարավորությունների խաթարումը։ Մոսկվան պատրաստ է տրամադրել իր օգնությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Sputnik Արմենիա
