Логотип

Մեզ նոր պատերազմներ պետք չեն. Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել

Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել՝ նշելով, որ հուլիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմի և իրական փոփոխությունների միջև։

Կարապետյանի կարծիքով՝ ապրիլի 1-ին Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներում խայտառակ եղավ։

«Ավելի վատ է, որ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչո՞ւ էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ՝ չի խանգարելու։ Ուղղակի խելք ու ժողովրդական լեզվով ասած` շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա»,- գրել է Կարապետյանը։

Սամվել Կարապետյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների ճակատագիրն ու սոցիալական վիճակը չի հետաքրքրում։ Նրա խոսքով՝ գործող վարչապետի միակ նպատակը իշխանություն պահելն է։

«Կարևորը՝ ինքը սուտ պատերազմներով վախեցնելով կարողանա մնալ իշխանության՝ հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։ Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն»,- շարունակել է նա։

Սամվել Կարապետյանը եզրափակել է՝ ասելով, որ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկողները ստանալու են աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։

Sputnik Արմենիա