Մինչ Ազգային ժողովը քննարկում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունները, ԱԺ շենքի դիմաց ակցիա են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի աջակիցները:
Նշենք, որ մարտի 31-ին բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Այսօր ՔՊ–ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու համար։ Առաջարկված փոփոխություններով արգելվում է կուսակցությունների և դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։
Քաղաքացիներն իրենց հետ ունեն «Փաշինյանը ոչնչացնում է ժողովրդավարությունը», «Փաշինյան, սա Ադրբեջան չէ», «Փաշինյանը կարող է ոչնչացնել փոփոխությունը» գրառումներով պաստառներ: Հնչեցին նաև «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներ:
Կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը շեշտեց, թե իշխանության գործողությունները փաստում են` իրենք հասկանում են, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո երկրում փոխվելու է վարչապետը։
«Այս պահին լծակներ ունեն, բանեցնում են, բայց սա խոսում է մի բանի մասին, որ փոփոխությունները գալիս են։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ»,- ասաց Վարդևանյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն էլ հայտարարեց, որ գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ձևով փորձում են վախի մթնոլորտ ստեղծել:
«Փաշինյանն ինչով ասես փորձում է վախեցնել ժողովրդին. է՛լ պատերազմով, ապօրինի կալանավորումներով: Ով թթու խոսք է ասում կամ ինչ-որ շարժում է անում, կալանավորում, տանում են»,- ասաց Ալեքսանյանը:
Մասնակիցներից որոշների ելույթները անգլերեն էին, որպեսզի, ինչպես իրենք են ասում, ՀՀ-ի ժողովրդավարական հետընթացի պատկերը հասանելի լինի նաև միջազգային կառույցներին:
Sputnik Արմենիա
