Логотип

Դեսպան․ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարևորագույն նշանակություն ունի Իրանի համար

Յուրաքանչյուր երկիր պետք է ճանաչի տարածքներին և ազգային ինքնությանը վերաբերող պատմական իրողությունները, և մենք դեմ ենք Հայաստանի նկատմամբ ցանկացած հավակնության. Հայաստանի տարածքային ամբողջականությունը կենսական և վճռորոշ նշանակություն ունի Իրանի համար։ Այս մասին ապրիլի 7-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը Իրանի կարևորագույն շահերից են։ Ըստ նրա՝ Իրանի ռազմավարությունն ու առաջնահերթությունները տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու զարգացում ապահովելն է։

«Մենք աջակցում ենք տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին։ Կարծում ենք, որ թեև արտատարածաշրջանային պետությունները կարող են իրենց ներդրումն ունենալ և օրինական շահեր հետապնդել տարածաշրջանում, այդուհանդերձ, ինտեգրման, զարգացման և խաղաղության շարժիչ ուժերը պետք է լինեն հենց տարածաշրջանի երկրները», – հավելել է Շիրղոլամին։

Նա նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան կարող են դրական ավանդ ունենալ խաղաղ գործընթացում, ինչպես նաև այս տարածաշրջանի երկրների տնտեսական բարեկեցության և բարգավաճման գործում։

Դեսպանը պարզաբանել է, որ այլ երկրներ նույնպես կարող են դրական դերակատարում ունենալ, եթե չհետապնդեն անվտանգային, ռազմական կամ աշխարհաքաղաքական այնպիսի նպատակներ, որոնք չեն համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին։

Շիրղոլամին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ այս առումով կարևոր դեր խաղալու հարցում՝ հիշեցնելով, որ Թեհրանը բոլոր այս հարցերի շուրջ արդյունավետ երկխոսություն ունի Հայաստանի կառավարության հետ։

News.am