ՀՀ–ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ այս անձանց քվեարկելու հնարավորություն չի տրվում։
Պատգամավորի հարցն ավելի շատ վերաբերում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, որը տնային կալանքի տակ է գտնվում։
Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք քննարկումներ են անցկացնում համապատասխան գերատեսչությունների հետ և ուղիներ կգտնեն այդ անձանց իրավունքներն իրացնելու համար։
«Կարծում եմ՝ դրա համար օրենսդրական փոփոխություններ պետք չեն, գործնական դաշտում լուծումներ կգտնենք»,– վստահեցրեց Քոչարյանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Sputnik Արմենիա
