Երևանի մամուլի շենքը հյուրանոց չի դառնա։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արշակունյաց 4 հասցեում գտնվող շենքի օտարման նախագիծը մշակում է անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած «PROSPECT24» ընկերությունը, որը «Տուն էքսպո» ցուցահանդեսի ժամանակ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ներկայացրել է Երևանի մամուլի շենքի վերանորոգման նախագիծ, ըստ որի` շենքի նպատակային նշանակությունը փոխվում է՝ դառնալով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր։
Պետգույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ իրենց մշակած նախագծով առաջարկվում է Երևանի Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող և կոմիտեին ամրացված 5 մլրդ 79 մլն 580 հազար դրամ գնահատված շուկայական արժեքով 9094.4 քմ մակերեսով շենք–շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.0669 հա մակերեսով հողամասը օտարել հրապարակային սակարկությունների եղանակով` էլեկտրոնային աճուրդով։
«Օտարման նախագիծը ներկայացվել է պետական շահագրգիռ մարմինների դիրքորոշմանը»,– տեղեկացնում է կոմիտեն։
Մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ շենքը կարող է վերափոխվել ցածր սեգմենտի համար նախատեսված հյուրանոցի։
«Նախագծով նախատեսված չեն շենքի հետ կապված փոփոխություններ կատարելու և շենքը հյուրանոցի վերափոխելու դրույթներ»,– վստահեցրել են կոմիտեից:
Ինչ վերաբերում է «PROSPECT24» ՓԲԸ–ին, ապա այս ընկերության կողմից ընդամենը կազմվել է գույքի օտարման ներդրումային փաթեթ, որը կրում է խորհրդատվական բնույթ և միտված է գույքի հավանական գնորդներին նախապես տեղեկացնելու ներդրումային հնարավորությունների մասին։
Հիշեցնենք` 2025 թվականի հունվարի 24-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն և «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրել են գործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթներ կազմելու նպատակով:
Հուշագրով գույքի օտարման նման փաթեթային մոտեցումը հնարավորություն կտա պոտենցիալ գնորդներին նախապես տեղեկանալու դրա ներդրումային հնարավորություններին, իսկ ձեռքբերումից հետո էականորեն կկրճատի նախագծի իրականացման համար բյուրոկրատական քաշքշուկներն ու անհրաժեշտ թույլտվությունների ստացման համար ծախսվող ժամանակն ու ռեսուրսները:
