Логотип

Հարթակների և տնտեսությունների միավորում. Երևանում մեկնարկել է Doing Digital Forum 2026-ը

Երևանում մեկնարկել է «Doing Digital Forum 2026»-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումի բացման ելույթում SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ այս տարի քննարկումները կլինեն «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո:

«Արդեն 4-րդ տարին է, որ հանդիպում ենք նույն գաղափարի շուրջ՝ խոսելու թվայինի մասին: 2023 թվականին իր մեկնարկից ի վեր ֆորումը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի, 3 հազարից ավելի մասնակցի տարբեր երկրներից, տարբեր մայրցամաքներից: 2023-ին մենք խոսեցինք այն մասին, որ թվային փոխակերպումները ժամանակի թիվ 1 հրամայականն են՝ կանխատեսելով այն իրադարձություններն ու էպիկ փոփոխությունները, առանց որոնց այսօր շատ ոլորտների գործունեությունն ուղղակի պատկերացնել չի կարելի: 2024 թվականին մենք վերաիմաստավորեցինք, վերահաստատեցինք, որ պետք է գնալ այդ սրընթաց փոխակերպումների հետևից և, որոշակի առումներով, նույնիսկ, սանձել դրանք: 2025-ին արդեն ֆորումի առանցքային թեման մարդկության պատմությունը կերտող, թերևս, ամենաազդեցիկ ու բարդ երևույթներից մեկն էր՝ փողն ու դրա ապագան, որը քննարկվեց բոլոր հավանական սցենարների ու համատեքստների դիտարկմամբ: Իսկ այս տարի «DDF 26»-ի թեման լավագույնս արտահայտում է հենց մեր խորագիրը՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները»,- ասաց Սիմոնյանը:

Տաթևիկ Սիմոնյանն ընդգծեց՝ այսօր մարդկությունն ապրում է մի ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքականությունը վերաձևավորվում է մեր աչքի առաջ, իսկ տեղի ունեցող տեկտոնիկ շարժերը փոխում են ոչ միայն ուժերի բալանսը, այլև տնտեսությունների միջև կապերի ողջ տրամաբանությունը:

«Այն կամուրջները, որոնք դարերով կամ տասնամյակներով կապում էին աշխարհը, այսօր ուղղակի այրվում են: Խզվում են տնտեսական կապերը, վերաձևավորվում են լոգիստիկ շղթաները, փակվում կամ վերաիմաստավորվում են ավանդական դարձած ուղիները: Եթե հին կապերը քանդվում են, կամուրջներն այրվում են, ապա ովքե՞ր, որտե՞ղ և ինչպե՞ս են կառուցելու նորերը: Այս հարցի ամենաարդիական և հզոր պատասխաններից մեկը, թերևս, թվայինն է, այսօր թվային տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն բիզնեսի, այլև տնտեսությունների միջև կապերի ձևը՝ կառուցելով նոր կամուրջներ: Այս փոփոխությունները տեղի են ունենում գլոբալ մրցակցության, տնտեսական մասնատվածության և սրընթաց տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում»,- նշեց Տաթևիկ Սիմոնյանը:

SPRING PR ընկերության համահիմնադրի խոսքով՝ տարիների ընթացքում փոխվել են ֆորումի թեմաները, քննարկվող ուղղությունները, մասնակիցների աշխարհագրությունն ու խոսնակները, սակայն անփոփոխ է մնացել շեշտադրումը՝ Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպումների ինովացիոն հաբ:

«Այսօր այդ առաքելությունը ստանում է նոր շեշտադրում, որովհետև մենք խոսում ենք ոչ միայն թվային հաբի մասին, այլև խոսում ենք Հայաստանի՝ նաև որպես նոր կամրջի մասին, կամրջի, որը կարող է միավորել ոչ միայն տարածաշրջանները, այլ նաև տարբեր տնտեսական համակարգերը, ֆինանսական հոսքերն ու տեխնոլոգիական էկոհամակարգերը»,- ասաց Սիմոնյանը: