Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, ադրբեջանական օկուպացիոն ռեժիմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան մոտ գտնվող «Մայրություն» քանդակը: Այս մասին հայտնել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ սա մշակութային ժառանգության կորստի ևս մեկ դեպք չէ, այլ հիշողության, ինքնության և ներկայության ջնջմանն ուղղված հետևողական քաղաքականության մի մասն է՝ ինչը կարելի է բնութագրել որպես «հայրենիքի ոչնչացում»: «Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակականության և հույսի համընդհանուր խորհրդանիշ, կրկին դարձել է թիրախ այն իրականության մեջ, որտեղ մշակույթը դիտվում է ոչ թե որպես արժեք, այլ որպես խոչընդոտ։
Նման գործողությունները ոչ միայն մշակութային վանդալիզմ են, այլև հստակ ուղերձ՝ հայկական հետքը ջնջելու, դրա տեսքը փոխելու մտադրության մասին՝ թողնելով այն առանց հիշողության և անցյալի: Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր այն մայրերի առջև, ովքեր կրել են պատերազմի, կորստի և բռնի տեղահանության ծանրությունը: Եվ մենք հաստատում ենք. հիշողությունը չի կարող ջնջվել: Այն շարունակում է ապրել մարդկանց, խոսքի, մշակույթի մեջ», – եզրափակել է գործակալությունը:
Հարկ է նշել, որ Ադրբեջանը միտումնավոր քաղաքականություն է վարում ոչ միայն ոչնչացնելու Արցախի մշակութային ժառանգությունը, այլև փոխելու գրավյալ տարածքների ճարտարապետական տեսքը, այդպիսով փորձելով ջնջել ինչպես արցախցիների մշակութային հիշողությունը, այնպես էլ նրանց՝ իրենց հողերը վերադառնալու ցանկությունը։
Այսօր նաև հաղորդվել է, որ ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտում դրամատիկական թատրոնի կողքին գտնվող հայտնի «Երեք կռունկ» աղբյուրի հուշարձանը։
Արմինֆո
