Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ կապված ռուսական գազի գնի փոփոխության նկատմամբ Երևանի հնարավոր արձագանքի հետ։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Զախարովան սկսել է հեգնական ռեպլիկից՝ նշելով նման հայտարարությունների հաճախականությունը։
«Ինչպես ասում են՝ կրկին բարև։ Ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ։ Ասեք, խնդրեմ։ Դուք որևէ անձնական անբարեհաճությո.ւն ունեք նրա նկատմամբ»,- ասել է նա՝ պատասխանելով հայ քաղաքական գործչի վերջին հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
Խոսք բացվեց լրագրողի հետ զրույցում արված Սիմոնյանի հայտարարության մասին, որում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հարցազրույցը, նա ենթադրել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, եթե ռուսական գազի գինը բարձրանա։
Զախարովան հրաժարվեց որևէ լուրջ նշանակություն տալ այդ խոսքերին։
«Դա մի փոքր հիշեցնում է ոզնուն սպառնալու պատմությունը՝ սեփական կարողությունները բացահայտելով։ Ես չեմ ուզում լուրջ մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք այդքան շատ իրարամերժ հայտարարություններ են արել, հատկապես ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ էլ ինչ ասես չենք լսել»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախկինում էլ են արվել նման իրարամերժ հայտարարություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ։
«Ուղղակի հիշեցնում եմ. հուսով եմ՝ դա չի արգելափակվի Հայաստանում, ինչպես ասում են, երբ ասվում էր, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Ես չգիտեմ՝ այդ գործընթացն ավարտվե՞լ է, թե՞ դեռ լիարժեք ընթացքի մեջ է։ Ուրեմն ինչո՞ւ վերանայել դա։ Ինչո՞ւ գնահատել, ուզում եմ կրկին ընդգծել, զգացմունքային հայտարարությունները»,- հավելել է նա։
Զախարովան նշել է նաև, որ նման հայտարարությունները նախևառաջ պետք է գնահատվեն հենց Հայաստանում։
Ըստ նրա՝ հենց երկրի քաղաքացիները պետք է ձևավորեն իրենց վերաբերմունքը պետության ներքին և արտաքին քաղաքականությունը որոշող քաղաքական գործիչների հայտարարությունների նկատմամբ։
«Կարծում եմ՝ դա առաջին հերթին պետք է մեկնաբանեն Հայաստանի քաղաքացիները, քանի որ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր կառավարում են Հայաստանի քաղաքացիների կյանքը և ձևավորում նրանց ապագան»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կան հարցեր, որոնք պահանջում են բովանդակային, այլ ոչ թե զգացմունքային գնահատական։ Մասնավորապես, նա մանրամասն քննարկել է Հայաստանին ռուսական գազի մատակարարման թեման։
Զախարովան հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ։
Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ թվեր, որոնք արտացոլում են համագործակցության ներկայիս պայմանները։
«Հայաստանը ռուսական գազը ստանում է 177,50 դոլարով, մինչդեռ Եվրոպայում գինը հասնում է 600 դոլարի»,- հայտարարել է նա։
Զախարովան ընդգծել է, որ դա գնահատականների կամ զգացմունքների հարց չէ, այլ ստուգման ենթակա տվյալների։
«Այդ օրինակը զգացմունք չէ, դա փաստ է։ Այստեղ ենթադրություն չկա. կան պարզապես թվեր, որոնք հիմնված են օբյեկտիվ տվյալների վրա»,- նշել է նա։
Նա նշել է, որ էներգետիկ անվտանգության ապահովումը ցանկացած պետության հիմնական նպատակներից մեկն է, և հենց դրանով պետք է առաջնորդվի Հայաստանի ղեկավարությունը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակին՝ նշելով անկայունության բարձր մակարդակը։
News.am
