Պարսից ծոցի երկրների շուրջ ստեղծված իրավիճակը որոշակիորեն ձեռնտու է Հայաստանին, քանի որ տեղի է ունենում ֆինանսական կապիտալի ակտիվ արտահոսք, որը մասնակիորեն հաստատվում է նաև մեր երկրում։ NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տնտեսագետ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աղասի Թավադյանը։
Նրա խոսքով, այս ամենից շահում է բանկային հատվածը։ Այդուհանդերձ, կան նաև ռիսկեր։ «Կան երկրներ, որտեղ ընդամենը 40 օրվա ընթացքում նավթի, բենզինի և վառելիքի այլ տեսակների գներն աճել են 1,5-2 անգամ»,- պարզաբանել է Թավադյանը։ Տնտեսագետն ուշադրություն է հրավիրել նաև պարարտանյութերի թանկացման ռիսկի վրա։ Նրա խոսքով՝ բոլոր պարարտանյութերի մոտ 1/3-ը տեղափոխվում և մատակարարվում է Պարսից ծոցով։ Գների նման աճն ու դեֆիցիտը կարող են պարզապես համաշխարհային սով առաջացնել։ Այս ռիսկային գոտում կարող է հայտնվել նաև Հայաստանը, եթե հրաժարվի Ռուսաստանից և նրա շուկայից, քանի որ պարարտանյութերի և նավթամթերքի զգալի մասը ստանում է հենց այնտեղից։
