Логотип

Դատախազության դիմաց բողոքի ակցիա է Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. Դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիների և հանրային դեմքերի պահանջն է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից:

«Ուզում ենք իջնի ու զրուցի, լսի մեզ: Մենք փոխանցեցինք մեր խնդրանքը ոստիկանների միջոցով, ասացին, որ կարող են 2 մարդ ուղեկցել, որ գրավոր նամակը հանձնեք: Սակայն մեզ համար բավարար չէ. մեր ցանկությունը շենքի ներս մտնելը չէ, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպումը: Եթե գոնե հանդիպում լինի մի քանի օր հետո, ապա կհամաձայնենք»,- ասաց «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հավելեց, որ Դավիթի պարագայում չի ցանկանում շեշտը դրվի միայն նրա բազմաթիվ հիվանդությունների վրա:

«Հիվանդությունները պարտադիր պետք է հաշվի առնվեն, սակայն չափահասության տարիքը նոր հատած տղան կարող է նեղվել դրանից, և զգայուն արձագանք առաջանա, երբ նրան եկեղեցու ներսում՝ աղոթքի ժամանակ, հրում կամ այս ու այն կողմ են տանում: Եթե նրան կալանավորեն ու, Աստված չանի, մի բան լինի, այս ամենը նրանց խղճին է լինելու»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ սոցիալական հարթակներով 4000-ից ավելի ստորագրությամբ նամակ են հանձնել ՄԻՊ Անահիտ Մանասյանին, սակայն ՄԻՊ-ի պատասխանը նրանց չի գոհացրել:

«Սկզբից ու վերջից մի հատված եմ կարդացել Մանասյանի պատասխանից, քանի որ այդքան առողջություն չունեմ ոչինչ չասող այդքան երկար տեքստեր կարդալու: Պատշաճ արձագանք չէր, անընդունելի էր ՄԻՊ-ի հայտարարությունը: Ի դեպ ասեմ, որ որևէ վիրավորանք չի եղել, քանի որ մեր խնդիրն ինչ-որ մեկին վիրավորելը չէ. ավելին՝ որոշ մեկնաբանություններ, որոնք կարող էին վիրավորանք պարունակել, անձամբ ջնջել եմ»,- շարունակեց Աննա Հովհաննիսյանը:

Դերասանուհի Անաիս Սարդարյան էլ շեշտեց, որ ինքը միանշանակ դատապարտում է ցանկացած բռնություն:

«Սակայն հետևելով եկեղեցու ներսի կադրերին՝ միանշանակ որևէ բռնություն չեմ տեսնում: Եթե Դավիթը ձեռքը գցել է, ընկել է գետնին ու դրանից հետո ունի կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հիվանդություններ, այդ երեխան չպետք է կալանավորվի: Այսօր այստեղ եմ, որ այդ վերևի մարդուն (գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին – խմբ.) ասեմ, որ այս երկրում խոսքը, քաղաքական հայացքները միանգամից կալանքի տակ են տարվում: Լավ գիտենք, որ օրենքով նաև տնային կալանք ու այլ խափանման միջոցներ են կիրառվում»,- նշեց Սարդարյանը:

Sputnik Արմենիա