Логотип

Վստահ է վերընտրվելու հարցում. Փաշինյանը ծրագրում է հունիսի երկրորդ կեսին կրկին հանդիպել Պուտինի հետ

Ես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որևէ կուլիսային հանդիպում չեմ ունեցել. եղել է աշխատանքային ճաշ։ Այս մասին ապրիլի 9-ին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Մոսկվա կատարած իր վերջին այցից հետո հնչած քննադատական գնահատականները։

«Աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք, ինչպես միշտ, ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար: Ես այս այցը շատ հաջող եմ գնահատում։ Իսկ մնացած բոլորն ազատ են իրենց կարծիքների մեջ»,- հավելել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ իրենք արդեն պայմանավորվել են հետագա հանդիպումների և միջոցառումների շուրջ։ «Բարձր մակարդակի հանդիպում ենք նախատեսել արդեն հունիսի երկրորդ կեսին (խմբ.՝ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին)։ Ինչ վերաբերում է ընդհանուր բովանդակությանը, կարծում եմ՝ այն, ինչ ասել եմ, փաստացի իմ նախկին հրապարակային հայտարարությունների արտացոլումն է, բայց արդեն տվյալ դահլիճում։ Այնպես որ, Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպմանը ես որևէ նոր բան չեմ ասել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա գնահատականի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են կոնստրուկտիվ տրանսֆորմացիայի փուլում։ Կառավարության ղեկավարը դրական է գնահատել այդ գործընթացը։

News.am