Հայաստանի ագրոպարենային ոլորտը 2026–27 թվականներին կառավարությունը կսուբսիդավորի` տրամադրելով անտոկոս վարկեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով` այս սուբսիդավորմամբ ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ կիրականացվեն և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն էլ ավելի կավելանան։
Նա տեղեկացրեց, որ վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով, յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափը կկազմի 1–2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։
Նախարարը նշեց, որ վարկը կտրամադրվի տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, սակայն սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։
Այս ծրագրի իրականացման համար 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ:
Sputnik Արմենիա
