Հայաստանի և Ղազախստանի համար կարևոր է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հաստատումը։ Այս մասին նշվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` մասնավորապես անդրադարձ է կատարվել ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին։
«Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակում երկաթուղային ոլորտին»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Խուդաթյանը կարևորել է Ղազախստանի հետ առկա հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չէր բացառել, որ ղազախական պատվիրակության հետ հանդիպանը կխոսեն նաև «Հարավկովկասյան երկաթուղու» մասին։
Sputnik Արմենիա
