Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դաշինքը նախընտրական ամբողջական ցուցակը կհրապարակի ապրիլի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Օրենքով սահմանված կարգով կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ժամանակ որոշում է կայացվել սպասվող խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին։ Հաստատվել են նախընտրական ցուցակների առաջին 36 համարները օրենքով սահմանված կարգով։ Այդ անունները չեն ներկայացնում մեր նախընտրական ամբողջական ցուցակը, խոսքը դաշինքի ցուցակի մասին է»,– ասաց Ղահրամանյանը։
Հենց դրանով է բացատրվում նաև այն փաստը, որ նախկինում հրապարակված ցուցակում չկան «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանի անունները, որոնց հետ նախորդ շաբաթ հուշագիր ստորագրվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին։
