Հյուսիսային Ամերիկայի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիան՝ MESA-ն, նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնում անհապաղ վերականգնել Էդիտա Գզոյանին և երաշխավորել ինստիտուտի ակադեմիական անձեռնմխելիությունը։
Ասոցիացիան շեշտում է, որ Գզոյանն առանցքային առաջնորդող դեր է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր գիտական աշխատանքների խթանման, թանգարանի արդիականացման և երիտասարդ հայ գիտնականներին ցեղասպանագետների համաշխարհային հանրության մեջ ինտեգրելու գործում, իսկ նրա գիտական աշխատությունները հրապարակվել են եվրոպական և ամերիկյան առաջատար պարբերականներում։
Ասոցիացիայի բաց նամակում անդրադարձ է արվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 12-ի ասուլիսին, որի ժամանակ նա հայտարարել է, թե հենց ինքն է պահանջել Գզոյանի հրաժարականը, որովհետև նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին «սադրիչ» գիրք էր նվիրել Արցախի մասին։
«Դուք շրջանցել եք սահմանված ընթացակարգը և տնօրենի պաշտոնում նշանակել Ձեր աշխատակազմի անդամներից մեկին, իսկ անկախ հոգաբարձուների խորհրդի անդամներին փոխարինել քաղաքական դաշնակիցներով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է ծանր և բարդ իրավիճակում՝ ձգտելով վերջ տալ Ադրբեջանի հետ բազմամյա հակամարտությանը և հասնել հարաբերությունների կարգավորման։ Սակայն պատմական հիշողության ջնջումը չի կարող պայմանավորված լինել կարճաժամկետ քաղաքական կարիքներով»,- նշված է ասոցիացիայի նամակում։
Շեշտում են՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման նպատակներից մեկը հենց Հայոց ցեղասպանության ժխտողականությանը դիմակայելն էր։ Հորդորում են ՀՀ կառավարությանը շտկել անարդարացի միջամտությունը գիտական անկախությանը և վերականգնել միջազգային ակադեմիական հանրության վստահությունը ոչ միայն ՀՑԹԻ-ի, այլև ակադեմիական ազատության ու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանի հանձնառության հանդեպ։
Նամակների պատճեններն էլ ուղարկվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտիին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (IAGS)։
Sputnik Արմենիա
