Логотип

ԶԼՄ-ն հայտնել է Արցախից հունվարին ՀՀ տեղափոխված 10 հայի ճակատագիրը

Հունվարի 23-ին Արցախից Հայաստան տեղափոխված վերջին 10 հայերի մի մասն իրենց ուղեկցողների հետ տեղավորվել են Կոտայքի մարզում, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ մարզպետարանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արզականում գտնվող «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ՝ 7 անձի կեցության համար մինչև մարտ վճարելով 5 մլն 952 հազար դրամ։ Պայմանագիրը հետագայում մեկ անգամ երկարաձգվել է, հայտնել է թերթը։

Լրատվականի տեղեկությամբ՝ հանգստյան գոտում տեղավորվել են Կամո Հայրապետյանը, Էրիկ Մինասյանը, Ռիտա Ղազարյանը, Վահան Հակոբյանը, Մերուժան Ստեփանյանը, Վլադիմիր Մայթարչյանը և Մերուժան Շամիրյանը։

Թերթը հայտնել է, որ Գ․ Աղայանը նախ տեղափոխվել էր հոգեբուժարան, ապա հարազատները նրան տարել էին տուն, իսկ հայտնի արցախցի Ֆրեդը գտնվում է Աղվերանի անտուն մարդկանց խնամքով զբաղվող հաստատությունում։

Եվս մեկ հայ ու մեկ ռուս արցախաբնակների կեցության վայրի մասին լրատվականը տեղեկություն չի հայտնել։

Հունվարի 23-ին 10 հայ և 1 ռուս, ովքեր դիմել էին Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով, տեղափոխվել էին ՀՀ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։

Արցախում եզակի հայեր էին մնացել, նրանցից մեկին էլ՝ Կարեն Ավանեսյանին, Բաքուն մեղադրանք էր առաջադրել:

Armenia Today