Логотип

Էստոնիայի ԱԳ նախարար․ Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով

Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին և զարգացնել գործնական համագործակցությունը՝ կիսվելով փորձով և միաժամանակ սովորելով հայկական փորձից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

Նա նշեց, որ իր այցը Հայաստան արդեն երկրորդն է նախարարի կարգավիճակում, և այն արտացոլում է էստոնական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։

«Սա մեր հանձնառությունն է որպես էստոնացի ժողովուրդ․ մենք ձեզ սիրում ենք, հայ ժողովուրդ։ Դուք շատ մոտ եք մեզ, թեև մեր միջև հեռավորությունը մեծ է»,- ասաց նա։

Էստոնիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձավ Հայաստանում Էստոնիայի դեսպանության բացմանը՝ ընդգծելով դրա գործնական նշանակությունը։

«Մենք բացեցինք մեր դեսպանությունն այստեղ, Հայաստանում։ Սա միայն խորհրդանշական քայլ չէ, այլ նպատակ ունի զարգացնելու գործնական համագործակցությունը Հայաստանի և Էստոնիայի միջև»,- նշեց Ցահքնան։

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է կարևոր փուլում, և իրականացվող քաղաքականությունը կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի վրա։

«Խաղաղության ուղին Հայաստանի և Ադրբեջանի միջև հույժ կարևոր է՝ որպես նախապայման ժողովրդի բարգավաճման, բիզնեսի և առևտրի զարգացման համար»,- ընդգծեց նա։

Ցահքնան նաև նշեց, որ Էստոնիան պատրաստ է աջակցել Հայաստանին՝ կիսվելով իր փորձով և գիտելիքով՝ միաժամանակ հետաքրքրված լինելով նաև Հայաստանի փորձով։

«Մենք ուզում ենք աջակցել, կիսվել մեր փորձով և սովորել ձեզանից»,- ասաց նա։

Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները կարող են դիտարկվել որպես լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների մաս, և Էստոնիան ցանկանում է լինել այդ գործընթացների մասնակիցը։