Ես ինքս որոշել եմ, որ ինձ համար մանդատը չի կարևոր, եթե խորհրդարանը այսպիսի տեսք պետք է ունենա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքը «Հայաստան» դաշինքի ցուցակում ստորին հորիզոնականներում (29–րդն է)։
«Այսինքն, եթե ՔՊ–ն ընտրություններում պետք է ստանա այնքան քվե, որ նորից պահպանի այս վիճակը, այդ ժամանակ ես այդ խորհրդարանում անելիք չունեմ, հետևաբար անկախ նրանից, թե որ տեղում էի լինելու, ես ինքս հրաժարական էի տալու և մանդատ չէի վերցնելու։ Այդ առումով իմ առաջարկածի իմաստը հետևյալ է եղել, որ ինչքան հնարավոր է հետ լինեմ, որպեսզի նաև ուղերձ լինի հանրությանը, որ այս ընտրությունները մանդատի ընտրություն չեն։ Սա այս իշխանություններից ազատվելու հնարավորություն է, մանդատի կռիվ պետք չի տալ, ցուցակները պայմանական են, գլխավոր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է։
Երկրորդը դա նաև հնարավորություն է, որ այլ մարդիկ, ավելի ակտիվ անձինք լինեն առնվազն ինձնից առաջ, որպես հնարավորություն, որ տեսեք, մենք ունենք շանս, հնարավորություն այս թիմով նաև նոր որակ բերել մեր երկրում։
Եվ վերջապես երրորդ կարևոր հիմնավորումն այն է, որը նաև ուղերձ է բոլոր մնացած ուժերին, որ պետք չի մտածել, թե ցուցակում որ տեղում ես, այնքան անելիք կա, ընդդիմության հաջողության դեպքում հսկայական գործ կա անելու և կարևոր չէ, թե ցուցակում որ տեղում ես լինելու։ Նույնիսկ, եթե օրինակ օրենքով պահանջվեր, որ համագումարը պիտի հաստատի 50 տեղը, ես կխնդրեի, որպեսզի ինձ 50-ում դնեին։ Բոլորը դեմ էին, ասում էին, որ ես պետք է ցուցակի առաջին տեղերում լինեմ, բայց ես եմ որոշել այսպես։ Ցանկը էական չի եղել մեր քննարկումներում»,–ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդհանրապես չկա ցուցակում, Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատճառը թե նոր մարդկանց հնարավորություն տալն է, թե նաև այն, որ պառլամենտական աշխատանքից դուրս այլ աշխատանք էլ կա. «Սա նաև պատասխանն է այն պնդմանը, թե մանդատների համար էիք դուք մնում ԱԺ–ում։ Մանդատը բացարձակ կապ չունի պայքարի հետ, պայքարը կարևոր է, անհրաժեշտ է ու պիտի տանեք»։
Նա հավաստիացրեց, որ ներքին վեճեր չեն եղել ցուցակի կազմման համատեքստում։
News.am
