Թեհրանն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների հետևանքով ստացած վնասի փոխհատուցում է պահանջելու, իսկ մերժման դեպքում այն կստանա ամերիկյան ակտիվների և սեփականության առգրավմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում ԻԻՀ գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
Ինչպես նշել է Իլահին, հրադադար հաստատելու Իրանի ծրագրի տասը կետերից մեկը, որն ընդունվել է Վաշինգտոնի կողմից, վնասի փոխհատուցման մասին է:
«Մենք նրանց կստիպենք վճարել, նրանք պետք է վճարեն։ Հակառակ դեպքում մենք գիտենք` ինչպես փոխհատուցում ստանալ նրանց ակտիվներից կամ սեփականությունից», – ասել է նա:
Իլահին հայտնել է, որ միայն Թեհրանում 37 հազար տուն է ավերվել։
«Բացի այդ, այստեղ ավերվել են բազմաթիվ հիվանդանոցներ, համալսարաններ, զոհվել են նաև բազմաթիվ խաղաղ բնակիչներ։ Նրանք քանդել են ամեն ինչ: Եվ հիմա նրանք ստիպված կլինեն վճարել դրա համար», – ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե որ երկրներից է Թեհրանը փոխհատուցում պահանջում, Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը նշել է, որ բացի ԱՄՆ-ից և Իսրայելից, խոսքը վերաբերում է նրանց աջակցողներին:
Sputnik Արմենիա
