Логотип

Փաստաբան․ Դատախազը մերժել է փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը

Դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ հնարավորությունն ու փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը: Sputnik Արմենիային այս մասին ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Ապրիլի 9-ին հայտնել էինք, որ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում էին ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։ Սակայն գլխավորը դատախազը չիջավ ցուցարարների մոտ, ոչ էլ նրանց հրավիրեց իր մոտ։ Կալանավորված տղայի ընկերները մինչ այդ Վարդապետյանի անունով դիմում էին փոխանցել։

Փաստաբանի խոսքով` սպասելի էր, որ դատախազը նման որոշում կկայացնի։ Մարտիրոսյանը հայտնեց, որ վերաքննիչ դատարանում բողոքների հատուկ վերանայման օր է նշանակված, սպասում են որոշմանը։

Ինչ վերաբերում է Դավիթի ստացած վնասվածքներին, ապա փաստաբանը նշեց՝ բոլոր տեսագրությունները ներկայացրել են վարույթ իրականացնող մարմնին, խնդրել են քննության առարկա դարձնել։

Անդրադառնալով 18-ամյա տղայի առողջական խնդիրներին՝ Մարտիրոսյանը հայտնեց, որ առավոտյան եղել է նրա մոտ, փոփոխություն չկա։

«Բուժումը շարունակում է տրամադրվել, սիստեմաներ են միացված։ Լույսը անջատած է, ընդհանրապես չի կարողանում լույսի նայել, քանի որ ակնագնդի հետ կապված խնդիր էլ կա, հարվածը շատ ուժեղ է եղել։ Տեսագրությունում երևում է, որ հարվածից ընկնելուց հետո կանգնում է, բայց չի կարողանում հավասարակշռությունը պահել, ծնոտի հատվածը փորձում է կարգավորել»,- նշեց փաստաբանը` հիշեցնելով, որ Դավիթը նաև այլ հիվանդություններ ունի՝ ծանր ախտորոշումներով։