Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) փետրվարի 14–ին որոշում էր կայացրել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը:
Նրա խոսքով` քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Վեհափառի պաշտպանի բողոքը բավարարելու մասին»,–նշել է Զոհրաբյանը:
Հավելենք, որ բացակայելու արգելքի պատճառով Գարեգին Բ կաթողիկոսը չէր կարողացել մեկնել Վրաստան և մասնակցել համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Sputnik Արմենիա
