Логотип

ԱԼԻՌԵԶԱ ՆԱԶԻՖ․ «ԹՐԱՄՓԻ ԵՐԹՈՒՂԻՆ» ՉԻ ԱՊԱՀՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ

Սա պարզապես հրադադար չէ, այլ նոր դարաշրջանի սկիզբ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կփոխվի, և Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես կգա ոչ միայն որպես տարածաշրջանային տերություն, այլև որպես համաշխարհային առաջատար ուժերից մեկը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Կովկասյան տարածաշրջանային հետազոտությունների ավագ փորձագետ, Իրան-Հայաստան բարեկամության միության խորհրդի անդամ և Միության Հյուսիսարևմտյան (Թավրիզի) ներկայացուցչության ղեկավար Ալիռեզա Նազիֆը՝ մեկնաբանելով վերջին ռազմական իրադարձությունները տարածաշրջանում։

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

Հանուն բարեգութ Աստծո։ Շնորհակալություն եմ հայտնում հեղինակավոր և լայն լսարան ունեցող  News.am  լրատվական գործակալությանը՝ Իրան-Հայաստան բարեկամության միությանը ընձեռած այս հնարավորության համար։

– Ձեր կարծիքով, Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական իրադարձությունները հեռանկարում ինչպե՞ս կարող են փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը։

– Նախքան հարցերին պատասխանելը, կցանկանայի նշել, որ Իրան – Հայաստան բարեկամության միությունը իրանական ոչ կառավարական հասարակական կազմակերպություն (ՀԿ) է, և հնչեցված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Մենք հանդես ենք գալիս որպես Իրանի քաղաքացիական հասարակության մի մաս, որն ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ և ներկայություն ունի Կովկասյան տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում։

Ինչպես News.am լրատվական գործակալության հարգարժան հետևորդները լսեցին և կարդացին չորեքշաբթի օրվա՝ ապրիլի 8-ի առավոտյան լուրերում, Իրանի Իսլամական Հանրապետությունը, մերժելով ԱՄՆ-ի կողմից առաջարկված բոլոր նախագծերը, մշակել է 10 կետից բաղկացած ծրագիր և Պակիստանի միջնորդությամբ ներկայացրել ամերիկյան կողմին։

Այդ ծրագրում շեշտադրվել են այնպիսի հիմնարար կետեր, ինչպիսիք են՝ Հորմուզի նեղուցով վերահսկվող անցումը՝ Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցմամբ (ինչը Իրանին շնորհում է բացառիկ տնտեսական և աշխարհաքաղաքական դիրք), «Դիմադրության առանցքի» բոլոր թևերի դեմ պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը (ինչը կնշանակի մանկասպան իսրայելական վարչակարգի ագրեսիայի պատմական պարտությունը), ամերիկյան մարտական ուժերի դուրսբերումը տարածաշրջանի բոլոր բազաներից և տեղակայման վայրերից, Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության արձանագրության ստեղծումը՝ այնպես, որ երաշխավորվի Իրանի գերիշխանությունը՝ համաձայնեցված արձանագրությանը համապատասխան, Իրանին հասցված վնասների ամբողջական փոխհատուցումը՝ ըստ գնահատումների, բոլոր առաջնային ու երկրորդային պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի չեղարկումը, արտերկրում Իրանի բոլոր սառեցված գույքի և ակտիվների ապասառեցումը, և ի վերջո՝ այս բոլոր կետերի հաստատումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձևով։

Այժմ Պակիստանի հարգարժան վարչապետը տեղեկացրել է Իրանին, որ ամերիկյան կողմը, չնայած իր բոլոր թվացյալ սպառնալիքներին, ընդունել է այս սկզբունքները որպես բանակցությունների հիմք և տեղի է տվել իրանցի ժողովրդի կամքին։ Դրա հիման վրա, ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել, որ Իրանը երկու շաբաթ տևողությամբ և բացառապես այս սկզբունքների հիման վրա Իսլամաբադում բանակցություններ կվարի ամերիկյան կողմի հետ։

Ընդգծվում է, որ սա չի նշանակում պատերազմի ավարտ. Իրանը կընդունի պատերազմի դադարեցումը միայն այն դեպքում, երբ, հաշվի առնելով 10 կետից բաղկացած ծրագրում Իրանի առաջ քաշած սկզբունքների ընդունումը, դրանց մանրամասները նույնպես վերջնական տեսքի բերվեն բանակցությունների ընթացքում։ Սա պարզապես հրադադար չէ, այլ նոր դարաշրջանի սկիզբ Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կփոխվի, և Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես կգա ոչ միայն որպես տարածաշրջանային տերություն, այլև որպես համաշխարհային առաջատար ուժերից մեկը»։

– Չնայած արտաքին ճնշմանն ու հակամարտություններին՝ Իրանը կայունություն է դրսևորում։ Ձեր կարծիքով, ո՞ր ներքին գործոններն են առանցքային դեր խաղում այդ կայունության և վերահսկողության պահպանման գործում։

– Այս 40 օրերի ընթացքում թե՛ քաղաքական մակարդակներում, և թե՛ մարտի դաշտում Իրանի ներսում ձևավորվեց ուշագրավ միասնություն և համախմբվածություն։ Իրանի ողջ ժողովուրդը միաձայն համախմբվեց այս անցանկալի և պարտադրված պատերազմի դեմ՝ ապացուցելով, որ միասնությամբ կարելի է հասնել մեծ հաղթանակների։ Իրանցիները՝ մեծ ու փոքր, տղամարդ թե կին, առանց հոգնելու ամեն գիշեր դուրս եկան փողոցներ՝ ձեռքերում պահած Իրանի Իսլամական Հանրապետության եռագույն դրոշները՝ իրենց աջակցությունը հայտնելով երկրի զինված ուժերին։ Ժողովրդական այս հսկայական թիկունքը թույլ տվեց զինվորականներին հանգիստ սրտով տիրապետել մարտի դաշտին և կերտել մեծ հերոսամարտ։ Միասնությունն այն հիմնական բանալին է, որով Իրանի ժողովուրդը հաղթանակ է տանում իր թշնամիների նկատմամբ։

– Որո՞նք են տարածաշրջանային լարվածության առավել նշանակալի տնտեսական հետևանքները Իրանի համար։

– Այս հարցին պատասխանելիս նախևառաջ նշեմ, որ լարվածությունը, ճգնաժամն ու պատերազմը երբեք չեն եղել և չեն հանդիսանում մեր ցանկությունը։ Հինավուրց Իրանի յոթհազարամյա պատմությունը փաստում է, որ Իրանը երբեք որևէ պատերազմ չի սկսել։ Մենք քաջ գիտակցում ենք պատերազմի և լարվածության կործանարար հետևանքները և հասկանում ենք, որ նմանատիպ լարվածությունն ազդում է ողջ տարածաշրջանի վրա։ Այս անգամ ևս, ինչպես անցյալ ամառ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ մղած 12-օրյա պատերազմի ժամանակ, մենք գտնվում էինք բանակցային սեղանի շուրջ, երբ թշնամիները նենգաբար հարձակվեցին մեր երկրի վրա և հենց նույն օրը իր աշխատավայրում նահատակեցին մեր վեհափառ ու սիրելի առաջնորդին՝ Ն Այաթոլլահ Իմամ Խամենեիին։ Մենք շուրջ քառասուն օր է՝ Միավորված ազգերի կազմակերպության օրենքների և կոնվենցիաների համաձայն իրականացնում ենք օրինական պաշտպանություն։ Նրանք, ովքեր այս անցանկալի պատերազմը պարտադրեցին Իրանին, ինչպես նաև ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները, պետք է մտածեն այս պատերազմի տնտեսական հետևանքների մասին։

– Ի՞նչ ռազմավարություն է կիրառում Թեհրանը՝ տնտեսության ու գործարար ակտիվության վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար

– Իրանի կառավարությունը, պատերազմը կառավարելուն զուգահեռ, տնտեսության և բիզնես միջավայրի վրա բացասական ազդեցությունները նվազեցնելու նպատակով կենտրոնացել է անհապաղ վերահսկողական միջոցառումների վրա։ Ամենակարևոր քայլերից են եղել արտարժույթի շուկայի վերահսկումը և գների կտրուկ տատանումների կանխումը՝ շուկայում հոգեբանական շոկերից խուսափելու համար։ Նաև ջանքեր են գործադրվել շուկայի մասնակիցներին և տնտեսվարողներին վստահություն ներշնչելու ուղղությամբ՝ կանխելու համար անհանգստությունն ու էմոցիոնալ վարքագիծը, ինչպիսիք են գների հանկարծակի բարձրացումը կամ ապրանքների կուտակումը (հարկադիր պաշարումը)։ Այս համատեքստում խստացվել է հսկողությունը առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայի նկատմամբ։ Մյուս կողմից, առաջնահերթություն է համարվել առևտրային հոսքերի և տրանսպորտային կապի պահպանումը նույնիսկ լարված պայմաններում, որպեսզի առևտրային գործունեությունը լուրջ խափանումներ չկրի։ Իրանական բանկերի օրակարգում են ներառվել աջակցության փաթեթներ և երկարաժամկետ վարկերի տրամադրում։ Տնտեսվարողների կողմից ստացված վարկերի մարումները ժամանակավորապես կասեցվել են։ Առանձնահատուկ արտոնություններ և բանկային վարկեր են նախատեսվել ինտերնետային բիզնեսների համար։ Հատուկ արտոնություններ են սահմանվել նաև արտերկրում բնակվող իրանցիների, հատկապես Միացյալ Արաբական Էմիրություններում բնակվողների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց կապիտալը վերադարձնել երկրի ներս։

– Դուք բազմիցս շեշտել եք տարածաշրջանային գործընթացների վրա արտաքին խաղացողների ազդեցությունը։ Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել, թե ձեր կարծիքով ո՞ր արտաքին ուժերն են խաղում ամենաակտիվ դերը Հարավային Կովկասում, և որո՞նք են նրանց հիմնական շահերը։

– Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասն աշխարհի և Մերձավոր Արևելքի կարևորագույն և ռազմավարական տարածաշրջաններից մեկն է։ Երբ օվկիանոսից այն կողմ գտնվող որևէ երկիր ուշադրություն է դարձնում այս տարածաշրջանին, բնական է, որ նա հետապնդում է սեփական քաղաքական ու տնտեսական շահերը և, ինչպես ասում են՝ նրա «սիրտը չի ցավում» այս տարածաշրջանի ժողովուրդների համար։ Մենք հավատացած ենք, որ Կովկասյան տարածաշրջանի ճակատագիրն ու ապագան կախված են այս տարածաշրջանի երեք երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի փոխադարձ մերձեցումից։ Հարավային Կովկասի երեք հարևանները՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիան և Ռուսաստանը, այս երեք երկրների հետ միասին («3+3» ձևաչափով), կարող են գծել Հարավային Կովկասի լավագույն ապագան։ Ներկայումս մենք ականատես ենք այս տարածաշրջանում արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությանը, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Չինաստանը, Հնդկաստանը, որոշ արաբական երկրներ, սիոնիստական վարչակարգը և այլն։

– Ո՞րն է Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանի ռազմավարական նշանակությունը երկու երկրների համար առևտրային հոսքերից զատ, հատկապես տարածաշրջանային անվտանգության և տրանսպորտային միջանցքների զարգացման համատեքստում։

Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի երկարաժամկետ ներուժը որպես տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական տարանցիկ հանգույց՝ հաշվի առնելով Իրանի դիրքորոշումը և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ նրա շահերը։

– Մեր նահատակ առաջնորդ Իմամ Խամենեին նախորդ տարիներին տարածաշրջանի երկրների առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ շատ հստակորեն ընդգծել է Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանի կարևորությունը։ Նա նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այնպիսի քաղաքականություն կամ ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև պատմական սահմանի փակմանը, քանի որ այդ սահմանը հազարամյակների պատմություն ունեցող հաղորդակցման ուղի է»։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատացած է, որ այս բազմադարյա կապը պետք է ամրապնդվի երկու երկրների կողմից։ Երկու երկրների միջև Մեղրի-Նորդուզ 42 կիլոմետրանոց սահմանը Հայաստանի անկախության հենց առաջին օրերից, երբ Հայաստանի արևմտյան և արևելյան սահմանները փակ էին, իսկ հյուսիսային սահմանը բախվում էր տարբեր դժվարությունների, եղել է «շնչառության ուղի» և «կյանքի ճանապարհ» հայ ժողովրդի համար։ Միևնույն ժամանակ, Իրանի համար այն իր 15 հարևան երկրների հետ ունեցած ամենաակտիվ և դինամիկ սահմաններից մեկն է։ Այս սահմանը ոչ միայն միակ ցամաքային դարպասն է դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), այլև Ռուսաստանի հետ կապի կարևոր ուղիներից մեկը, իսկ վրացական նավահանգիստների միջոցով՝ ելք դեպի Եվրոպա։ Թեև Իրանն ունի այլ այլընտրանքներ «Հյուսիս-Հարավ» միջանցքում՝ Պարսից ծոցից դեպի Ռուսաստան (Ադրբեջանի տարածքով կամ Կասպից ծովով), ինչպես նաև Պարսից ծոցից դեպի Սև ծով և Եվրոպա (Թուրքիայի տարածքով), սակայն մենք՝ որպես Իրան – Հայաստան բարեկամության միություն, որի հիմնական առաքելությունը երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելն է, մշտապես փորձել ենք մեր երկրի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել Իրան-Հայաստան ուղու առավելությունների վրա։ Մյուս կողմից, մենք ակնկալում ենք Հայաստանի հետազոտական կենտրոններից, ուղեղային կենտրոններից և հասարակական կազմակերպություններից, որ նրանք նույնպես Հայաստանի իշխանություններին իրազեկեն այս ճանապարհի խոչընդոտների վերացման կարևորության մասին, որպեսզի Իրանն ու Հայաստանը ձեռք ձեռքի տված կարողանան օգտվել այս ուղու տնտեսական և տարանցիկ օգուտներից՝ թե՛ դեպի Ռուսաստան ու ԵԱՏՄ, և թե՛ դեպի Սևծովյան ավազանի երկրներ ու Եվրոպա։

– Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ և «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը հայկական տարածքով. ձեր կարծիքով, այս գործընթացները ինչպե՞ս կարող են անդրադառնալ Երևան–Թեհրան հարաբերությունների վրա։ Չի՞ կարող արդյոք Հայաստանը հայտնվել երկու կրակի արանքում։

– Որպես Կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ՝ գտնում եմ, որ եռակողմ համագործակցության ձևաչափերից մեկը, որտեղ Իրանն ու Հայաստանը կարող են հասնել զգալի արդյունքների, Իրան-Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունն է։ Եվրամիությունը Հայաստանում իրականացնում է տարբեր տնտեսական և արդյունաբերական ծրագրեր, որոնց մի մասը կենտրոնացած է Հայաստանի հարավում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տիրապետում է հսկայական ներուժի տեխնիկական և ինժեներական ծառայությունների, սարքավորումների մատակարարման, ճանապարհաշինական ծանր տեխնիկայի, թունելների, ամբարտակների, մայրուղիների, էլեկտրակայանների և ջրամատակարարման համակարգերի կառուցման ոլորտներում։ Ցավոք, այս ներուժը դեռևս բավարար չափով ճանաչված կամ գնահատված չէ։ Դրա միայն փոքր մասն է տեսանելի Հայաստանի հարավում ընթացող ճանապարհաշինական և թունելաշինական ծրագրերում, որտեղ իրանական ընկերությունները մեծ հաջողությամբ աշխատում են։ Եթե Եվրամիությունը և եվրոպական կառույցները ցանկանում են Հայաստանի հարավում իրականացնել հիմնարար ենթակառուցվածքային նախագծեր, ապա իրանական հեղինակավոր ընկերությունները լավագույն գործընկերներն են, իսկ Իրանը՝ ամենակարճ ճանապարհը տեխնիկայի և սարքավորումների տեղափոխման համար։

Ճիշտն ասած, Իրանն ունի ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի, ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից իրականացվող դաժան պատժամիջոցների, նրանց ուխտադրժության, խաբեության և կեղծարարության 47 տարվա փորձ։ Մենք շատ լավ ենք հասկանում, որ նրանք, ովքեր գալիս են աշխարհի մյուս ծայրից, երբեք չեն մտահոգվում Մերձավոր Արևելքի, Կովկասի կամ Արևմտյան Ասիայի ժողովուրդների ճակատագրով։ Բնական է, որ Կովկասի բոլոր երկրների միջև հաղորդակցության ուղիների, երկաթգծերի և ճանապարհների բացումը բխում է տարածաշրջանի շահերից, պայմանով, որ չխաթարվի երկրների տարածքային ամբողջականությունը և հարգվի նրանց ինքնիշխանությունը։ Սակայն, երբ օվկիանոսից այն կողմ գտնվող մի երկիր գալիս և պնդում է միայն մեկ կոնկրետ ճանապարհի բացման մասին, այն էլ մի ճանապարհի, որը կտրում է Իրանի և Հայաստանի հազարամյա պատմական կապը, և դա անվանում է «Թրամփի երթուղի», դա կասկածներ է հարուցում փորձագետների մոտ։ Իրանցի բոլոր փորձագետները միակարծիք են, որ «Զանգեզուրի միջանցքը» կամ այդ նոր՝ «Թրամփի երթուղի» կոչվածը կարող է լարվածության աղբյուր դառնալ։ Այն ոչ միայն չի ապահովի Հայաստանի շահերը, այլև բացասաբար կանդրադառնա երկու հարևանների հարաբերությունների վրա։ Թեև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ հաշվի են առնելու Իրանի բոլոր մտահոգությունները, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին պատերազմը Իրանի դեմ ցույց տվեց, որ Ամերիկան հավատարիմ չէ ոչ մի պարտավորության և կարող է ցանկացած պահի խախտել բոլոր պայմանավորվածությունները։

Հայաստանի Հանրապետությունը Իրանի ազնիվ և արժանապատիվ հարևանն է, և մենք չենք ցանկանում, որ մեր սիրելի հարևանը ներքաշվի տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների մրցակցային պայքարի մեջ։ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների խաչմերուկում գտնվելն ունի թե՛ առավելություններ, թե՛ թերություններ։ Պետք է ընդունենք, որ արտատարածաշրջանային ուժերը հետաքրքրված են այս տարածաշրջանով միայն սեփական շահերին հասնելու համար։ Հայաստանը ինքնիշխան պետություն է և քաջ գիտակցում է, թե որոնք են իր շահերը և ինչպես պետք է դրանք պաշտպանել։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՎԱՐՏԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԸՆԴԳԾԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԿԵՏ.

1․ Իրանահայերը, որպես իրանցի ժողովրդի անբաժանելի մաս, ինչպես միշտ, կանգնած են հայրենիքի հողի և նրա պաշտպանության դիրքերում և իրենց զավակներին են նվիրաբերել հեղափոխությանն ու Իրանին։ Այս պարտադրված պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք Թեհրանում և Սպահանում որոշ հայերի տների ավերմանը, հայկական եկեղեցիների ու պատմական հուշարձանների լուրջ վնասմանը, ինչպես նաև հերոս հայորդիների նահատակությանը։ Մի քանի օր առաջ Սպահանում Ամերիկայի և հանցագործ սիոնիստական վարչակարգի վայրագ հարձակման հետևանքով նահատակվեց մեր սիրելի սպահանահայ եղբայրը՝ Հովհաննես Սիմոնյանը։ Մենք մեր խոնարհումն ենք բերում այս իրանահայ առյուծասիրտ մարդուն և աղոթում ենք, որ Հիսուս Քրիստոսի և Սուրբ Մարիամ Աստվածածնի սուրբ օրհնությունը հեռու պահի ագրեսոր դահիճների չարիքը սիրելի Իրանից և հայ համայնքից։

2․ Այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում, նույնիսկ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մենք ականատես ենք լինում խիստ բողոքի ակցիաների և քննադատությունների՝ ուղղված ամերիկյան զինվորների և սիոնիստական բանակի կողմից իրանցի ժողովրդի, հատկապես երեխաների ու աշակերտների սպանդին, վերջին շաբաթների և օրերի ընթացքում մի խումբ հայրենավաճառ և իրանցի ժողովրդի սուրբ արժեքների դավաճան անձինք, այն պարագայում, երբ երկիրը ներքաշված է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ պատերազմի մեջ, Երևանում ազատորեն «աղմկում են»։ Նրանք սպառնում են պատերազմի մեջ մտնել հօգուտ Իսրայելի ու Ամերիկայի, խոսում են ահաբեկչական գործողությունների մասին, կազմակերպում են հավաքներ ու երթեր։ Մի դավաճանական քայլով, որից նույնիսկ կենդանիներն են խորշում, նրանք Երևանում առանց որևէ խոչընդոտի հանդիպումներ են կազմակերպում՝ ի հիշատակ այն ամերիկացի թշնամի զինվորների, որոնք սպանվել են հենց Ամերիկայի կողմից սանձազերծված պատերազմում, և սպառնում են Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությանն ու շահերին։ Սա խորը ցավ է պատճառում, և մենք ակնկալում ենք բարեկամ ու հարևան Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որ չկոտրեն իրանցի ժողովրդի սիրտը, ովքեր մշտապես եղել են հայերի ու Հայաստանի կողքին, և թույլ չտան նման անհայրենիք խուժանի գործունեությունը։

3․ Խոսքս ցանկանում եմ ավարտել՝ հիշելով 18-ամսական Հելմային, ում մի քանի օր առաջ ողջ-ողջ դուրս բերեցին փլատակների տակից։ Իմ քաղաքի՝ «միշտ հերոսական Թավրիզի» բնակելի շենքերից մեկի ռմբակոծության հետևանքով նահատակվեցին Հելմայի ընտանիքի բոլոր անդամները՝ հայրը, մայրը, եղբայրը և քույրը։ Այս փոքրիկը, թեև դեռ չի կարողանում խոսել, հրաշքով ողջ է մնացել, որպեսզի դառնա այն անարդարության և բռնության վկան, որն իրականացվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանցի ժողովրդի դեմ։ Այս անմեղ աղջնակը մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակում իր ուսերին առավ աշխարհի վշտերը։ Այժմ ողջ աշխարհից նրան ամեն օր ուղարկվում են համբերության և տոկունության խոսքեր, սիրո և կարեկցանքի ուղերձներ, նվերներ ու տիկնիկներ՝ նրա փոքրիկ սիրտը սփոփելու համար, գուցե այդպես նրա հոգին մի փոքր խաղաղություն գտնի։

News.am