Логотип

Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը

Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները, որոնց ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Հայաստանում են Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովի մասնակիցները, նրանց թվում են օլիմպիական կոմիտեների նախագահներ, գլխավոր քարտուղարներ: Համաշխարհային սպորտի հեղինակավոր անձանց առաջինը Գագիկ Ծառուկյանն է ընդունում։ «Ուրախ եմ, որ Հայաստանում եք ու մեր հյուրն եք։ Եկեք նախ տակառը լցնենք Հայաստանում անցկացվող այս համաժողովի առիթով։ Այսօրվա մասին մենք միշտ ենք հիշելու, սա մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունների խորհրդանիշն է, երբ հաղթանակ լինի միասին կնշենք, տակառը կա, եվրասիական տակառը Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից և աշխարհի այլ երկրներից ժամանած հեղինակավոր հյուրերը համաժողովի առթիվ նախ տակառի զմրսման արարողության են մասնակցում: Հետո շրջայց է լեգենդար գործարանում. այստեղ հյուրերին ներկայացնում են հայկական կոնյակագործության հարուստ ավանդույթները, պատմում, թե ինչպես է մեծ համբավ վայելող գործարանը Գագիկ Ծառուկյանի ջանքերով կիսավեր շինությունից վերածվել հզոր ու ժամանակակից կոմբինատի, հետո համտեսն են վայելում ու հիանում հայկական ազնվագույն խմիչքի համով:

«Ծանոթ եմ գործարանի ամբողջ պատմությունը: Շատ հետաքրքիր են հատկապես Շուստովի մարքեթինգային հնարքները, թե ինչպես էր նա հանրայնացնում հայկական կոնյակը։ Նաև այս գործարանի շնորհիվ է, որ պահպանվում է Հայաստանի պատմությունը»,- ասում է մարզական փորձագետ Յուրի Յուրևը։

Հատուկ հյուրասիրության ժամանակ ջերմ շփում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Հյուրերը նաև խորհրդանշական նվեր ունեն՝ Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի մանրակերտը։

Այնուհետև համաժողովի մասնակիցներն այցելում են Օլիմպավան, որտեղ միջազգային խոշոր մարզական ստուգատեսներից և Օլիմպիական խաղերից առաջ ոչ միայն մեր մարզիկներն են ուսումնամարզական հավաքներ անցկացնում, այլև Եվրոպայի ու ասիական երկրների հավաքականները։ Այստեղ օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներին գործակցության խորացմանն ուղղված առաջարկ է արվում։

Հյուրերը շրջում են մարզահամալիրով, ծանոթանում հնարավորություններին, շփվում ծանրամարտի կանանց հավաքականի թիմի հետ։ «Սա իմ առաջին այցը չէ Հայաստան, այստեղ մոտ 10 տարի առաջ եմ եղել, շատ լավ տպավորություններ ունեմ, հիանալի սպորտային համալիր է Գագիկ Ծառուկյանը կառուցել մարզիկների համար, որտեղ մեր ըմբիշները, բռնցքամարտիկները և շատ այլ մարզիկներ կարող են լավ պատրաստվել մրցումների»,- ասում է Լիտվայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դայնա Գուձինևիչյուտեն ։

«Այստեղ գերազանց պայմաններ են մարզիկների համար, մեր ասոցիացիայի գործունեության շրջանակում պլանավորում ենք օտարերկրյա թիմերի և հայ մարզիկների մասնակցությամբ հավաքներ անցկացնել այստեղ ներկայացված սպորտաձևերով։ Հայաստանի մարզական պատմությունը շատ հարուստ է օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններով։ Տպավորված եմ այս համալիրի թե՛ տեխնիկական հագեցվածությամբ ու գեղեցկությամբ, և թե՛ այստեղ ներկայացված մարզաձևերի քանակով։ Գագիկ Ծառուկյանն ահռելի գործ է կատարում Հայաստանում սպորտը զարգացնելու համար, և դա արժանի է բարձր գնահատականի»,-ասում է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի ղեկավար Ազադ Մուրադովը:

Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումի նպատակները ասոցիացիայի փոխնախագահն է ներկայացնում. « Մենք ուզում ենք հանդիսանանք որպես կամուրջ (03:30) Ասիական և Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջև»:

Արմեն Սամվելյանի արվեստանոցում արդեն հյուրերը տեսնում են Հիսուս Քրիստոսի մեծ ու իրական արձանը։ Այստեղ նրանց են ներկայացնում ազգային ու պատմական այս գաղափարի բոլոր մանրամասներն ու գլխավոր ուղերձը։ Այն արդեն համերաշխության և ներքին հաշտության խորհրդանիշ է դարձել։

«Տպավորիչ նախագիծ է, ժողովրդին համախմբելու գաղափարը, հատկապես այս դժվար ժամանակներում, կարևոր է, բոլորիս խաղաղություն է պետք: Եվ ձեզ, և մեր ժողովրդին»,- կիսվում է տպավորությամբ Դայնա Գուձինևիչյուտեն:

«Արձանը տեսնելիս փշաքաղվում եմ, որովհետև քրիստոնյա եմ, անկեղծորեն հավատում եմ Հիսուսին, սա սուրբ գործ է, փառք ու պատիվ, Բրազիլիայում տեսել եմ Քրիստոսի արձանը, բայց այն ինչ դուք եք անում մեծ գործ է ոչ միայն քրիստոնյաների, այլև ամբողջ աշխարհի համար, մենք հավերժ չենք, իսկ այս հուշարձանը կհավերժացնի այն գործը, որը Գագիկ Ծառուկյանն անում է, ուրախ եմ, որ հայ ժողովուրդը նման մարդ ունի»,- ասում է Մոլդովայի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Պեյկովը:

«Սա տպավորիչ ճարտարապետական կառույց է, իսկ Հայաստանի ժողովրդին ու բոլոր քրիստոնյաներին միավորելու գաղափարն անչափ կարևոր է: Վստահ եմ, որ Հայաստան կգան զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, կցանկանան տեսնել այս հրաշքը»,- նշում է հյուրերից մեկը:

Քրիստոսի արձանի շինաշխատանքները անկախ եղանակային պայմաններից շարունակվում են: Չի դադարում նաև աշխարհի տարբեր անկյուններից եկող հյուրերի մարդկանց հոսքը:

«Այսօր հերթական անգամ ընդունեցինք հյուրերին: Նրանք ոչ միայնհանդիպման ընթացքում զարմացան այն հրաշքով, որ կառուցվում է պարոն Ծառուկյանի մտահղացմամբ դեռ 22 թվականից, այլ նրանք արդեն զարմացած եկել էին Հայաստան, ուստի դա նշանակում է, որ լուրը Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխարհով մեկ արդեն լայն ճանաչում ունի»,-ասում է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան- համալիրի մրցութային հանձնախմբի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը։

Արտերկրից ժամանած հյուրերը արվեստանոցից հեռանում են տպավորված, վստահ հաջորդ այցին անպայման Հատիս են բարձրանալու:

News.am