Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը։ Երկկողմ կլոր սեղանի ձևաչափով անցկացված քննարկումներին մասնակցել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։
Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հանդիպման ընթացքում Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ, ինչպես նաև պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։
Վերստին նշվել է, որ երկիրը հավատարիմ է Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին և Վաշինգտոնի գագաթնաժողովի ոգուն:
Բացի այդ, հայտարարվել է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ձևավորման և Ադրբեջանից Հայաստան ապրանքների տարանցիկ փոխադրման ապահովման մասին։ Նշվել է, որ TRIPP նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանում մթնոլորտի և տրանսպորտային ամբողջ պատկերի փոփոխությանը։
Հ. Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունները կրում են երկկողմ բնույթ, և նույնքան կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունների միջև նմանատիպ շփումներն ու վստահության ամրապնդման միջոցառումները նույնպես լինեն երկկողմ ձևաչափով։
News.am
