Логотип

Պակիստանն Իրանին կփոխանցի ԱՄՆ-ի արձագանքը

Պակիստանը` որպես միջնորդ, Իսլամաբադի բանակցությունների ժամանակ Իրանին կհայտնի, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ–ն գործարքի սկզբնական պայմանների վերաբերյալ, Թեհրանի պատասխանից կախված լինի՝ կողմերը կանցնեն ուղիղ երկխոսության, թե ոչ: Այս մասին հայտնում է «Reuters»-ի լրագրող Յանա Չուքեյրը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունները կկայանան այսօր Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ, որը Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատում է ակնկալում: Ըստ «Al Hadath» հեռուստաալիքի` Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի միջև արդեն միջնորդավորված շփումներ են եղել մի քանի հարթակում։

«Իրանական բարձրաստիճան աղբյուրը հայտնում է, որ Պակիստանը կներկայացնի ԱՄՆ-ի նախնական պատասխանը Իրանի պահանջներին, և եթե Թեհրանը համաձայնի, կողմերի միջև ուղիղ բանակցություններ կսկսվեն»,– գրել է Չուքեյրը X սոցցանցում։

Պակիստան մեկնելուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հույս էր հայտնել, որ բանակցությունները կառուցողական բնույթ կունենան: Նա նշել էր, որ ամերիկյան պատվիրակությունը գործում է երկրի ղեկավարությունից ստացած հստակ հանձնարարականների շրջանակում և պատրաստ է երկխոսության՝ Իրանի կողմից «բարեխիղճ մոտեցման» պայմանով:

Sputnik Արմենիա