Логотип

Տանկերները փախչում են Պարսից ծոցից, բայց Թրամփի շրջափակումը կարող է տապալվել

ԱՄՆ հրամանատարության կողմից Իրանի ծովային լիակատար շրջափակման մասին հայտարարությունից հետո նավթատար տանկերներն արդեն սկսել են զանգվածաբար փոխել իրենց երթուղիները։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թրամփն այժմ լուրջ փորձության առջև է. նա կարող է շրջափակման միջոցով խաղից դուրս թողնել Իրանին կամ պարտություն կրել։

LSEG և Kpler ծովային համակարգերի տվյալներով՝ այս պահին նավերի քաոսային շարժ է նկատվում։ Նավապետները փորձում են կանխել իրադարձությունները և տեղ հասնել նախքան ռազմական գործողության մեկնարկը, որը նախատեսված է Երևանի ժամանակով 19:00-ին (Կիևի ժամանակով՝ 17:00-ին):

Լիբերիական դրոշի տակ հանդես եկող Mombasa B նավն այս պահին բալաստավորում է իրականացնում Պարսից ծոցի ջրերում։ Իսկ Մալթայի դրոշով ընթացող հսկայական Agios Fanourios I տանկերը հետադարձ է կատարել և խարիսխ գցել՝ Օմանի ծոցի մոտակայքում։

Փորձագետները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս քայլը չափազանց ռիսկային են համարում, քանի որ շրջափակումն ապահովելու համար անհրաժեշտ է մեծաքանակ ռազմական նավերի մշտական ներկայություն։ Եթե այս ծրագիրը հաջողվի, Իրանը կզրկվի ազդեցության իր գլխավոր լծակից՝ նավթային շանտաժից։

Այդուհանդերձ, մասնագետները կասկածում են, որ հնարավոր կլինի հասնել երկարաժամկետ հաջողության։ Նման առաքելությունը հսկայական ռեսուրսներ է պահանջում, և Միացյալ Նահանգների համար դժվար կլինի ամիսներ շարունակ միայնակ պահել շրջափակման օղակը։

«Թրամփը խնդրի արագ լուծում է ակնկալում, սակայն իրականությունն այն է, որ այս առաքելությունը սեփական ուժերով իրականացնելը չափազանց բարդ է։ Ամենայն հավանականությամբ, այն հնարավոր չի լինի անփոփոխ պահել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», — նշում է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դանա Ստրոուլը։

Տանկերները հաճախ նավթ են փոխադրում այնպիսի խոշոր խաղացողների համար, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը։ Սա նշանակում է, որ շրջափակումը կարող է բախման հանգեցնել նաև այլ երկրնեի հետ։ Վերլուծաբանների կարծիքով՝ Պեկինը դժվար թե հանգիստ հետևի այս ամենին։

Թեհրանը նույնպես ունի պատասխան քայլեր։ Իրանական ուժերը կարող են թիրախավորել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ենթակառուցվածքները, ինչը վտանգի տակ կդնի Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները։

Պահեստազորի ծովակալ Գերի Ռաֆհեդը զգուշացրել է, որ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ եթե մենք գնանք այդ քայլին, ապա Իրանն անպայման որևէ կերպ կարձագանքի»։

Արագ հաջողության դեպքում շրջափակումը կարող է իջեցնել նավթի գները, սակայն ծովում ձգձգվող պատերազմը հակառակ ազդեցություն կունենա։ Շուկան արդեն պատրաստվում է վատթարագույն սցենարին. առավոտյան սակարկությունների ժամանակ նավթի մեկ բարելի գինը բարձրացել է՝ հասնելով 102 դոլարի։

News.am