Логотип

Հրաժարականներ, բարեփոխումներ և Հունգարիայի վերադարձը Եվրոպա․ Մադյարի առաջին հայտարարությունները հաղթանակից հետո

Հունգարիայում ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնությամբ հաղթած ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հանդես է եկել ծավալուն ելույթով և մատնանշել նոր իշխանության առաջնահերթ քայլերը։

Մադյարը պահանջել է Վիկտոր Օրբանի անհապաղ կամավոր հրաժարականը և նրա անցումը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակին՝ կոչ անելով զերծ մնալ այնպիսի որոշումներից, որոնք «կկապեն հաղթողների ձեռքերը»։ Նա նաև դիմել է հանրապետության նախագահ Տամաշ Շույոկին՝ պահանջելով կառավարության ձևավորումը հանձնարարել «Տիսա» կուսակցությանը և դրանից հետո նույնպես լքել պաշտոնը։

Բացի այդ, Մադյարը պահանջել է պետական կառույցներում Օրբանի բոլոր դրածոների՝ Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, մեդիակարգավորողի և հակամենաշնորհային մարմնի ղեկավարների հրաժարականը։ «Ինքնակամ հեռացե՛ք։ Մի՛ սպասեք, որ մենք ձեզ պաշտոնանկ անենք»,- հայտարարել է նա։

Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո Մադյարը խոստացել է վերականգնել զսպումների և հակակշիռների համակարգը, վերադարձնել ինստիտուտների անկախությունը և միանալ Եվրոպական դատախազությանը։ Նրա խոսքով՝ Հունգարիան կրկին վստահելի գործընկեր կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար։ Առաջին արտասահմանյան այցերը նա պլանավորում է կատարել Վարշավա, Վիեննա և Բրյուսել, այդ թվում՝ եվրոպական ֆինանսավորումը վերականգնելու համար, որը սառեցվել էր Օրբանի օրոք։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արդեն շնորհավորել է Մադյարին հաղթանակի առթիվ։

«Տիսայի» հաղթարշավի ֆոնին հունգարական լրատվամիջոցները նկատել են, որ հանրային դաշտից անհետացել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Վերջինս ոչ միայն չի հայտնվել Օրբանի կողքին՝ պարտությունն ընդունելու պահին, այլև ավելի քան 16 ժամ լռություն է պահպանել սոցիալական ցանցերում։ Սիյարտոն սկանդալի կենտրոնում է հայտնվել այն հրապարակումներից հետո, որոնք առնչվում էին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նրա ենթադրյալ կապերին։ Նրան մեղադրում են ԵՄ գագաթնաժողովների վերաբերյալ գաղտնի տվյալները Մոսկվային փոխանցելու մեջ։

News.am