Логотип

Սամվել Կարապետյանի եղբորորդին նոր կուսակցություն կբացի

Արդեն ավելի քան 70 օր կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը կալանավայրից կոնկրետ քաղաքական քայլեր է անում, և շուտով Կարապետյան ընտանիքը կներկայանա նոր կուսակցությունով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ կուսակցության անունը կասոցացվի հայտնի «մեր ձևով» արտահայտության հետ։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունը կբացի Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար»,- հայտնում է պարբերականը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ կուսակցություն հիմնելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հիմնադիր, իսկ պետական գրանցման պահին այն պետք է ունենա 800 անդամ։

Ըստ թերթի՝ եթե անակնկալներ չլինեն, ապա մոտ ապագայում Հայաստանում կգրանցվի խոշոր կապիտալ ունեցող նոր քաղաքական ուժ, ինչը կարող է վերափոխել երկրի ներկա քաղաքական դաշտի հարաբերությունները։

Sputnik Արմենիա