Հայաստանի Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը մեղադրվում է կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրությանը՝ Խումարյանը, ցանկանալով վիճարկել Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումների իրավաչափությունը, սակայն գիտակցելով, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողել, նպատակադրվել է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու միջոցով հասնել նրան, որ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը համարվի հարգելի։
Խումարյանը փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
Ըստ ՔԿ-ի՝ Խումարյանը միջնորդության մեջ հիմնավորում է ներկայացրել, թե գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում:
«Վերջինս ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ դատարան է ներկայացրել եկամուտների վերաբերյալ տեղեկություն, ըստ որի տվյալ ժամանակահատվածի համար աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չի ստացել, մինչդեռ ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել նշված դատավարական փաստաթղթի մեջ՝ այդ կերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը»,- հայտնում են ՔԿ-ից։
Ներկայացված միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ:
Հանրային հեռարձակողի խորհուրդը դատարանի նշված որոշման դեմ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, Խումարյանն իր կողմից ստացված իրական եկամուտների չափը չներառած կեղծ դատավարական փաստաթղթերը փոխանցել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Վերաքննիչ դատարանը բավարարել է Հանրային հեռարձակողի բողոքը, սակայն Խումարյանը միջնորդավորված կերպով դիմել է Վճռաբեկ դատարան:
Խումարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է ապրիլի 8-ին, մարտին հայտարարել էր, որ մասնակցելու է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին։ Խումարյանը շեշտել էր, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել «փրայմերիզի» ձևաչափով, ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը այդ հարցազրույցը բուռն քննարկման թեմա էր դարձել, և թիրախում էր հայտնվել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանը։ Գարեգին Խումարյանն իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն տարածեց ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրեց։
Sputnik Արմենիա
