Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը միության 25-ամյակի կապակցությամբ ТАСС-ում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը 2026 թվականին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ոչ մի լավ բան չի բերի Հայաստանին։
«Ընտրություններ են սպասվում։ Եթե նա ընտրվի, շատ եմ վախենում, որ դրանից հետո Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում։ Նա ոչ մի հարց չի լուծել։ Նրա համար օրենք գոյություն չունի։ Նա ասում է. «Օրենքը ես եմ»։ Ամեն ինչ պարզ է։ Նա եկել է փողոցից և կառավարում է ամբողջ երկիրը փողոցային կանոններով»,- նշել է Աբրահամյանը։
Ռուսաստանի հայերի միության ղեկավարի խոսքով՝ Փաշինյանը պետք է վաղուց հրաժարական տար վարչապետի պաշտոնից։ «Ես սա բազմիցս ասել եմ․ նա պետք է խաղաղ հեռանար», – ընդգծել է Աբրահամյանը։
Հավելենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսված են 2026 թվականի հունիսին։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է մասնակցել դրանց։ Հարցումների արդյունքները վկայում են իշխող կուսակցության և անձամբ Փաշինյանի վարկանիշի անկման մասին։
Gallup International-ի կողմից հայաստանյան գրասենյակի հրապարակած հարցման տվյալների համաձայն՝ հանրապետության բնակիչների 60%-ը դժգոհ է վարչապետի քաղաքականությունից։
Times.am