Հաղորդվում է, որ սույն թվականի սեպտեմբերի 5-ին տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների փոխայցելություններ երկու երկրների տարածք: Հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կրկնենք ևս մեկ անգամ. հայկական պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ եղել է Ադրբեջանում։
2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ կողմերը քննարկել են «սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով»։ Ուրի՞շ ինչ: Ախ հա՜, տեղեկություն հայտնվեց նաև «պատմական» իրադարձության մասին. Փաշինյանի օդանավն «առաջին անգամ օգտվել է Ադրբեջանի օդային տարածքից՝ արտասահման ուղևորություն կատարելիս»։
Խաղաղություն, բարեկամություն, ծամոն. և ոչ մի բառ այն մասին, թե հայկական պատվիրակությունը, լինելով Ադրբեջանում, ադրբեջանցիների հետ քննարկած լինի նրանց բանտերում պահվող հայ գերիների, իսկ ըստ էության՝ պատանդների հարցը, այցելած լինի նրանց, շեշտադրի տունդարձի հարցը, որով զբաղվում է ողջ աշխարհը, բայց միայն ոչ ՀՀ ղեկավարությունը։
Ադրբեջանն ի սկզբանե խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետը ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի մասին, և հարցը մինչ օրս լուծված չէ, դառնալով ադրբեջանական հաղթաթուղթ հայկական կողմին շանտաժի ենթարկելու գործում և ճնշման միջոց։ Բավական գործուն միջոց։
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ անօրինական դատավարությունները, որպես ահաբեկիչներ դատվող հայ ռազմագերիները, որոնք խոշտանգումների են ենթարկվում ադրբեջանական բանտերում, այդ թվում՝ կրոնական հատկանիշով, պարզապես դեն են նետվել հայկական ղեկավարության ուշադրության պահունակից։ Ոչինչ չգիտեմ, ոչինչ չեմ տեսնում:
Ադրբեջանում ՀՀ պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվում է սահմանազատումը, շինարարությունը, ենթակառուցվածքները և այլն, բայց ոչ սեփական հայրենակիցների ճակատագիրը: Եվ նույնիսկ ցանկություն չկա տեսնել նրանց, աջակցել, համոզվել, որ ողջ են։
Եվ դա այն դեպքում, երբ դրանից ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում, Բաքվի պահանջով փակելով իր ներկայացուցչությունը երկրում։ Այսինքն խոսքը պետական քաղաքականության մասին է, այն բոլոր կազմակերպություններին երկրից վռնդելու ձգտման մասին, որոնք կարող էին բացահայտել Ադրբեջանի հանցագործությունները հայ գերիների և պատանդների նկատմամբ։ Եվ իսպառ զրկելու ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին արտաքին աշխարհի հետ որևէ կապից։
Ուղիղ մեկ տարի առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բոլոր ամբիոններից կոչ էր անում հայությանը միավորել ջանքերը և արշավ սկսել ԶԼՄ-ներում ու սոցցանցերում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների: Օկամպոն հայտարարում էր, որ «Հայաստանի անվտանգությունը դեռևս վտանգված է, չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցային գործընթացին։ Հստակություն չկա, թե ինչպես է 2023 թվականին ցեղասպանության զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանալու անվտանգ վերադառնալ իր հայրենիք։ Ավելին, ադրբեջանական բանտերում մնում է 23 հայ»։
Ի՞նչ է փոխվել այն ժամանակից ի վեր: Ոչի՛նչ։ Բացարձակապես ոչինչ: Քանզի հայ հանրությունը կարող է ձեռնարկել ցանկացած քայլ, բայց եթե ՀՀ իշխանությունները լռության են մատնում, ժխտում, փակում թեման, ինչը ձեռնտու է Բաքվին, ապա դժվար թե նույնիսկ ամենահզոր սոցցանցային ակցիան կարողանա շրջել իրավիճակը։ Իսկ մի՞թե կարող է այլ կերպ լինել: