Логотип

Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիայի ընտրանուն

Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթանակի հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։

Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը բավականին հարձակողական կազմ էր ընտրել մեկնարկում։ Խաղադաշտում հավասար մրցակցություն էր հաճախակի կրկնվող մենապայքարներով։ Բայց կողմերից ոչ մեկին չէր հաջողվում տիրել նախաձեռնությանը։ Առաջին խաղակեսում վտանգավոր պահերով միգուցե առավելություն ունեին իռլանդացիները, բայց իրական գոլային պահ ունեցավ միայն Հայաստանի հավաքականը։ Տիգրան Բարսեղյանի գերազանց անցումից ու հիանալի փոխանցումից հետո մեկ դրվագում Հրանտ Լեոն Ռանոսը գոլային երկու պահ ունեցավ։ Նախ մեր հարձակվողի հարվածը փակեց մրցակցի պաշտպանը, ապա գնդակը հետ մղվեց դարպասի հորիզոնական ձողից։

Իսկ առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ մեր հավաքականը հասավ ցանկալիին։ Լուկաս Սելարայանի նկատմամբ կանոնները խախտեց Նեյթան Քոլինզը, ու Էդուարդ Սպերցյանը հստակ իրացնելով 11 մետրանոցը՝ առաջ մղեց մեր հավաքականին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սպերցյանը հրաշալի փոխանցում կատարեց դեպի Նաիր Տիկնիզյանը, վերջինս տեսավ Հրանտ Լեոն Ռանոսին, իսկ Հրանտ էլ այս անգամ չվրիպեց։ Ուսուցողական գրոհ ստացվեց ու հրաշալի գոլ։ Հաղթում էինք արդեն 2։0 հաշվով։ Բայց շատ արագ հյուրերը կարողացան կրճատել հաշիվը։

Ափսոս, որ Վահան Բիչախչյանն ու Նաիր Տիկնիզյանը չօգտագործեցին իրենց պահերը։ Վահանի հարվածը սուր անկյունից հետ մղեց դարպասապահը, իսկ Նաիրը մեն-մենակ մնալով դարպասապահի դիմաց՝ չկարողացավ արդյունավետ հարված կատարել։ Հակառակ դեպքում հաղթանակը արդեն ամրագրված կլիներ։ Եվ այդ հաղթանակը լարված այս խաղում կարող էր ամրագրել Արթուր Սերոբյանը, բայց նրա խփած գնդակը չեղարկվեց։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 11-ին։ Այդ օրը մեր հավաքականը կհուրընկալվի Հունգարիայի թիմին։

Sputnik Արմենիա