Логотип

Լեհաստանը մեղադրում է Ռուսաստանին իր օդային տարածքի «աննախադեպ» խախտման մեջ

Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը «աննախադեպ» կերպով խախտելու մեջ։

«Ընթանում է օբյեկտները հայտնաբերելուն և չեզոքացնելուն ուղղված գործողություն։ Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարի հրամանով զենք է տեղակայվել և ծառայություններն ակտիվորեն աշխատում են խոցված օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ։ Մենք շեշտում ենք, որ ռազմական գործողությունը շարունակվում է և կոչ ենք անում մարդկանց մնալ տներում։ Ամենավտանգավոր շրջաններն են Պոդլյասկի, Մազովեցկի և Լյուբելսկի վոյեվոդությունները։ Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հետևում է ընթացիկ իրավիճակին, իսկ նրա ենթակայության տակ գտնվող ուժերն ու ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է Լեհաստանի ԶՈւ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ լեհական զինված ուժերի օպերատիվ հրամանատարի հրամանով անմիջապես գործի են դրվել պաշտպանական ընթացակարգերը:

«Լեհական և դաշնակից ստորաբաժանումները ռադարի վրա հայտնաբերել են մի քանի օբյեկտներ և Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարը որոշումներ է կայացրել սպառնալիք ներկայացնող օբյեկտները չեզոքացնելու համար։ Մեր օդային տարածք մտած որոշ անօդաչու թռչող սարքեր խոցվել են։ Աշխատանքներ են տարվում այդ օբյեկտների հնարավոր ընկնելու վայրերը գտնելու և տեղայնացնելու ուղղությամբ։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հետևում է ստեղծված իրավիճակին և լեհական և դաշնակից ուժերն ու միջոցները լիովին պատրաստ են հետագա գործողություններին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք կոչ ենք անում. եթե գտնեք խոցված անօդաչու թռչող սարքեր կամ դրանց բեկորներ, մի մոտեցեք դրանց, մի դիպչեք դրանց և մի տեղափոխեք դրանք։ Նման տարրերը կարող են վտանգավոր մնալ և պետք է ստուգվեն սակրավորական պարեկախմբերի կողմից», – ընդգծել են Լեհաստանի զինված ուժերը։

News.am