Lragir.am. ԱՆՓԱՌՈՒՆԱԿ ԱՎԱՐՏ. ԻՄ ՔԱՅԼԸ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԿԵՏԱՆՈՑ ԴԱՏԱՎՃԻՌԸ

ԱԺ Իմ քայլը խմբակցությունը երեկ հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել վարչապետի ու կառավարության հրաժարականի կոչերով հանրահավաք և երթ, ինչպես նաև այդ հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պահանջ: Հայտարարությունը կրկնում է այս օրերին իշխանությունների թեզերը, իսկ վերջում ընդդիմության պահանջներին ի պատասխան առաջարկվում է պատասխանել 3 հարցի՝ 1. Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը, 2. Կողմնակից են ռուսական խաղաղապահների դուրսբերմանը շփման գծից, 3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը, և «ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը»:

Այս տարիների ընթացքում 88 հոգանոց խմբակցությունը նույնիսկ 8 տող ի վիճակի չեղավ երկնել այն մասին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի պետական և անվտանգային հիմնախնդիրների լուծումը, ինչպես է հիմնավորելու Հայաստանի դերն ու տեղը միջազգային լայն խնդիրների համատեքստում, որը Հայաստանը զերծ կպահեր ցնցումներից ու սպառնալիքներից: Այս տարիներին միջազգային գործընկերներն այդպես էլ չհասկացան, թե ինչ է ուզում Հայաստանը և ինչու իրենք պիտի ձեռնարկեն այս կամ այն քայլը:

Դա հատկապես ընդգծվեց պատերազմական օրերին, և ընդգծվեց իշխանության ներկայացուցիչների արձագանքներում, որոնք 45 օր շարունակ խոսում էին միայն նոր ցեղասպանության վտանգից ու ահաբեկիչներից, մուննաթով ու խղճահարության ակնկալիքով: Ավելորդ է ասել, որ դա քաղաքականություն չէ, քաղաքականությունն այն է, թե ինչու և ինչ ես առաջարկում աշխարհին քո գոյության դիմաց, գոյություն մուրալու փոխարեն:

Ռուսաստանով հրաժարական պահանջող ուժերին ակնարկներն ու վախեցնելը դրա վառ արտահայտությունն է, պրիմիտիվ հնարք ընդդիմության դեմ, որն առնչություն չունի իրականության հետ: Եթե իշխանությունն ունենար քաղաքական իրողությունների ու խնդիրների գիտակցում, այսօր Հայաստանը կարող էր առնվազն մասնակից լինել նրան, ինչ ներկայում անում է Ռուսաստանը՝ շրջանի վերաձևումը, որը կպահպաներ Հայաստան-Արցախի սուբյեկտությունը:

Իմ քայլի հայտարարությունն իշխանական մեծամասնության գործունեության անփառունակ ավարտի արձանագրումն է՝ անհամարժեքության, հանրային-պետական խնդիրների գիտակցման իսպառ բացակայության յուրատեսակ խոստովանություն: Հայտարարությունը երեք կետանոց դատավճիռ է, որը ձևակերպվելու է և դրվելու նրա առաջ՝ հստակ պատասխանատվությամբ ու գնահատականով:

Lragir.am