ՈՒՐԻՇ ՏԱՊԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Հայաստանն աննկատ է մնում պատժամիջոցները չեղարկելու գլոբալ օրակարգում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվեցին, այսպես ասած «նույն մակույկում»՝ համավարակի դեմ պայքարում համաշխարհային հանրության համատեղ գործողությունների վերաբերյալ իրենց պատկերացումներով։ Ցավոք, Ուկրաինան, Վրաստանը և կոլեկտիվ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի, նախընտրեցին «այլ նավակ»։ Մինչդեռ հույս կար, որ ընդհանուր թշնամու՝ տարածվող համավարակի դեմ պայքարը կհամախմբի ողջ մարդկությանը, որը վերջապես կհասկանա, որ մենք բոլորս այսօր գտնվում ենք «Երկրագունդ» անունը կրող նույն «նավակում»…

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց ավելի ընդհանրական և ըստ էության ոչնչի չպարտավորեցնող բանաձևի նախագիծ՝ «համավարակի դեմ պայքարում երկրների համախմբման» վերացական կոչով, սակայն Արևմուտքի բացասական դիրքորոշման պատճառով մերժեց առավել գործուն ու կոնկրետ ռուսական բանաձևը, որի համահեղինակներ էին հանդես եկել ՄԱԿ-ի անդամ 28 պետություններ։ Այդպիսով անտեսվեցին ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, այնպես էլ Ռուսաստանի նախագահի առաջարկները՝ հրաժարվելու առևտրային պատերազմներից, մեղմելու/չեղարկելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցումով ընդունած միակողմանի պատժամիջոցները և դադարեցնելու մարտական գործողությունները, որպեսզի ապահովվի օգնության ցուցաբերումն առավել տուժած երկրներին, պարենամթերք և դեղորայք ստանալու նրանց շուտափույթ հնարավորությունը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում ընդգծեցին, որ նման որոշումը կբարդեցնի համավարակի կասեցումը։

Դեռևս ս.թ. մարտի 26-ին «Մեծ քսանյակի» (G20) երկրների տեսակապային խորհրդաժողովի ձևաչափով անցկացված խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Պուտինն առաջարկեց հրաժարվել միջազգային պատժամիջոցներից, բայց այ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան մտավախություն հայտնեց, թե Ռուսաստանը ցանկանում է օգտվել համավարակից, որպեսզի փորձի պատժամիջոցների «մարդասիրական նկատառումներով» վերացման կամ մեղմացման հասնել ԵՄ երկրներից։

Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը նշեց, որ ներկայումս ժամանակն է մոռանալ պատժամիջոցները, սահմանափակումները և մտածել միահամուռ կերպով փրկության մասին։ «Ողջ աշխարհը պետք է միավորվի պատվաստանյութի ստեղծման համար, և միասին դա անելն ավելի հեշտ է։ Եվ երկրորդ, այդ տխմար պատժամիջոցները, երբ Իրանին ու Վենեսուելային չեն տրամադրվում պաշտպանության միջոցներ և դեղորայք. ախր դա հիմարություն է, պետք է փրկել մարդկանց, չէ՞ որ վաղը դժբախտությունը ձեր դուռն էլ կթակի։ Համավարակի մոլեգնության շրջանում պետք է հրաժարվել բոլոր սահմանափակումներից ու պատժամիջոցներից և փրկել մարդկանց այն պատուհասից, որը կարող է փլվել նրանց գլխին»,- ասաց նա։

Շարունակվող պատերազմները, սահմանների ճղճիմ փակումն ու անջրպետումը միմյանցից՝ COVID-19 վիրուսի սրընթաց տարածման խորապատկերին, որը ոչ մեկին չի գթում և չի տարբերում ո՛չ ռասաներ, ո՛չ ազգություններ, ո՛չ դավանանքներ, իսկապես անհեթեթ է թվում։ Ընդ որում որոշ պետությունների ոչ լեգիտիմ պատժամիջոցային քաղաքականության զոհերի դերում սովորաբար նկատի են առնվում Ռուսաստանը, Իրանը և Վենեսուելան։ Մինչդեռ Հայաստանն առանց ՄԱԿ-ԱԽ-ի պատժամիջոցների էլ դաժանագույն տնտեսական շրջափակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից ահա արդեն 32 տարի շարունակ, որոնցից վերջին 28 տարին դա արվում է Թուրքիայի հետ համատեղ։

Հարկ կա՞ արդյոք ասել, որ փոքր երկրի համար, որն ընդ որում անմիջական ելք չունի դեպի ծով, սահմանների հանցավոր արգելափակումը հարևան երկու պետությունների կողմից, մեկուսացումը տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստական և էներգետիկ նախագծերից, նշանակում է տնտեսական զարգացման լուրջ հնարավորությունների կորուստ։ Բավական է ասել, որ հայկական բազմաթիվ ապրանքներ նման պայմաններում պակաս մրցունակ են դառնում միջազգային շուկայում՝ արտադրության և տեղափոխման բարձր ինքնարժեքի պատճառով, իսկ արտահանման հնարավորությունների մի մասը տրանսպորտային-լոգիստական բարձր ծախսերի հետևանքով մնում է չիրականացված (օրինակ, պեռլիտի և այլ հանքանյութերի փոխադրումը Ռուսաստան և այլ երկրներ)։

Այսպիսով, շրջափակման տասնամյակների ընթացքում մեր երկրին տնտեսական վիթխարի վնաս է հասցվել, որն արտահայտվում է կորսված եկամտի բնավ ոչ մեկ տասնյակ միլիարդ դոլարներով։ Եվ չնայած կտրականապես արգելվում է շրջափակում մտցնել որևէ երկրի նկատմամբ, եթե չկա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիա, և այդպիսի գործողությունները դիտարկվում են որպես «ագրեսիայի ակտ՝ անկախ պատերազմ հայտարարելուց», սակայն այսպես կոչված միջազգային հանրությունը բոլոր այս տարիներին ու տասնամյակներին անտարբեր հետևել է միջազգային իրավունքի բացահայտ, կոպիտ ու պատժելի ոտնահարմանը։

Այսօր շատերը սթափվում եվ հաշվարկում են վիթխարի վնասը (չհաշված մարդկային կորուստները), որ կրեց համաշխարհային տնտեսությունը ողջ մոլորակի հարկադրված ինքնաշրջափակման հետևանքով։ Բայց, ինչպես արդեն նշեցինք վերը, որոշ երկրներ դեռևս չեն հասունացել պարզ ճշմարտություններն ըմբռնելու համար, հուսալով, թե իրենց «նավակը» անվնաս կմնա աշխարհում մոլեգնող փոթորկի մեջ։ Դեռ ինչքա՞ն զոհեր պետք է մատուցվեն անառողջ հավակնություններին և ազգային եսամոլությանը, որպեսզի ոմանք վերջապես հասկանան. ուրիշ «նավակ» չի լինելու, մենք բոլորս, ինչպես նախապատմական ժամանակներում, այսօր նույն տապանի մեջ ենք, և կա՛մ բոլորս կփրկվենք, կա՛մ միասին կխորտակվենք։

Այս խորապատկերին բացարձակ անհասկանալի է թվում հայկական իշխանությունների դիրքորոշումը, որոնք այսօր կարծես թե պետք է բոլոր միջազգային հարթակներում ամեն կերպ արդիականացնեին այդ խնդիրը. մանավանդ որ դրան արդեն տոն են տվել աշխարհում մեծ հեղինակություն վայելող մի շարք պետական գործիչներ։ Մինչդեռ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես համակերպվել են առկա իրավիճակին և երազում են միայն այն մասին, որ արտաքին աշխարհի հետ Վերին Լարսի ճանապարհով մեր երկրի միակ ցամաքային կապը եղանակային հերթական կամակորությունները չմատուցի։ Փաշինյանի թիմի այդպիսի անհոգությունը, որն իշխանության եկավ անխտիր բոլոր խնդիրները կարճ ժամկետում լուծելու անսանձ խոստումների ալիքի վրա, ինչպես ասում են, թանկ է նստում մեզ վրա։

Կրկնենք. այսօր հանրապետության կիսաշրջափակված բազմամյա գոյության հետ կապված մեր բոլոր խնդիրները օբյեկտիվորեն ձևավորված հանգամանքների բերումով շատ ավելի հասկանալի են համանման դժվարություններ կրող միջազգային հանրությանը։ Ողջ աշխարհում ամեն տեսակի և բացարձակ անիմաստ պատժամիջոցների չեղարկման համար պայքարը դեռ ավարտված չէ, և Հայաստանը պետք է իր տեսանելի ու լսելի ավանդը ներդնի այդ գլոբալ օրակարգում։

Основная тема:
Теги: