Զատուլին. Ադրբեջանը մյուս երկրների համար շատ վատ օրինակ է ծառայել

Ադրբեջանը, պատասխանատու լինելով Ղարաբաղում հրադադարի խախտման համար, դարձել է պատերազմի գլխավոր շահառուն, և դա շատ ծանր դաս է և ընդօրինակման վատ օրինակ։ Նման հայտարարություն արեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ։

Ռուս պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի օրինակը կարող է որոշ այլ երկրների դրդել ռազմական արկածախնդրության։

«Մենք գիտենք, որ լարվել են Դոնբասում պատերազմել ցանկացողները, սրվել է իրավիճակը Մոլդովայի և Մերձդնեստրի միջև՝ նոր նախագահի իշխանության գալով։ Շատ քաղաքական գործիչներ, որոնք շեշտը դնում են հակամարտության ռազմական լուծման վրա, այսօր ոգեշնչված են ԱԹՍ-ների, նոր զինատեսակների հնարավորություններով։ Եվ այնպիսի տպավորություն է, որ «ծովը նրանց ծնկներից է», - ասաց Զատուլինը։

Քաղաքական գործիչը նման փորձերը համարում է խիստ վտանգավոր, քանի որ ինչպիսին էլ լինեն մարտական գործողությունների արդյունքները, զոհվում են խաղաղ բնակիչներ: