Ֆրանսիական Սարսելի քաղաքային խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիայի Սարսել քաղաքը, որը քույր քաղաք է Արցախի Մարտակերտ քաղաքի հետ, բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշված է.

«2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: Արցախի Հանրապետության մի զգալի մասը, որ բնակիչները հարկադրված լքել էին, զավթվել է Ադրբեջանի կողմից:

Այս իրավիճակից ելնելով՝ Սարսել քաղաքը միաձայն.

▪️ հաստատում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը, որը կերաշխավորի խաղաղ բնակչության կայուն անվտանգությունը,

▪️ հաստատում է Արցախի Հանրապետությունը լքած խաղաղ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ հետ վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը,

▪️ ճանաչում է Արցախի Հանրապետության հայերի ինքնորոշման իրավունքը` որպես նրանց անվտանգության երաշխիքի միակ հնարավորություն,

▪️ կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս իշխանությունների հետ՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով,

▪️ 5000 եվրոյի չափով օժանդակություն է տրամադրում Ֆրանսիայի Համահայկական հիմնադրամին` հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am