Անհետ կորած զինծառայողների հարազատները սպասում են ԴՆԹ փորձաքննության պատասխանին

Զանգելանի հատվածից գտած զինծառայողների մարմինները դեռ չեն ճանաչվել, ԴՆԹ-փորձաքննության պատասխանների ենք սպասում հասկանալու համար մեր երեխաների մարմինե՞րն են, թե` ոչ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

«Բողոքի ակցիաներ դեռ չենք անցկացնում, քանի որ Զանգելանի հատվածից տոպրակով զինծառայողների մարմիններ են բերել, չգիտենք էլ քանի մարմին է, Աստված տա մեր որդիների մարմինները չլինեն: Բոլորս այս պահին սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,-ասաց նա:

Նշենք, որ Էջմիածնի N զորամասի 34 անհետ կորած համարվող զինծռայողների հարազատները 3 ամսից ավելի որևէ տեղեկություն չունեն իրենց զինծառայողներից։ Նրանց խոսքով՝ զինվորներն անհետ կորել են Զանգելանի տարածքում։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար ակցիաներ էին անում զորամասի, Կառավարության և ՊՆ դիմաց, պահանջելով, որպեսզի Զանգելանի տարածքում սկսվեն որոնողական աշխատանքերը։